Դատախազը պահանջել է 3 ամսով երկարաձգել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի տնային կալանքի ժամկետը։ Սեպտեմբերի 24-ին կայացած նիստում մեղադրող կողմը համապատասխան միջնորդություն է ներկայացրել (կալանքի ժամկետը լրանում է սեպտեմբերի 25-ին)՝ պատճառաբանելով, որ տնային կալանքից ազատվելու դեպքում Գալստանյանը կարող է ազդեցություն ունենալ վկաների վրա։ Փաստաբան Հովհաննես Խուդոյանն առարկել է՝ ընդգծելով, որ արքեպիսկոպոսը պետք է ազատ արձակվի։ Նա նշել է, որ տնային կալանքի ընթացքում Սրբազանը հանդիպում է մարդկանց հետ ու մասնակցում պատարագներին, իսկ ներկայացված պահանջը քաղաքական ենթատեքստ ունի։ «Որևէ հիմք չկա, և դատախազները որևէ փաստարկ չեն ներկայացրել ազատության սահմանափակումը երկարաձգելու համար», — հայտարարել է փաստաբանը՝ հավելելով, որ արքեպիսկոպոսն ինքն է խնդրել իր խափանման միջոցը փոխելու միջնորդություն չներկայացնել։