Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սարսափած է Շաքի գյուղի միջադեպի վերաբերյալ երեկվա խորհրդարանական քննարկումից։ Այս մասին նա հայտարարեց հոկտեմբերի 8-ի ճեպազրույցում։ Հիշեցնենք, որ նախօրեին՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, վարչապետին բազմաթիվ հարցեր ուղղվեցին Շաքիի միջադեպի վերաբերյալ։ Դեպքի ժամանակ անհայտ հանգամանքներում հայկական կողմ անցած ադրբեջանցի զինվորը ներխուժել էր առանձնատուն, պատանդ վերցրել երեխաներին, ապա ինքնաձիգից կրակելով՝ վիրավորել նրանց մորը։ Այժմ զինվորը կալանավորված է և քննություն է ընթանում։ Վարչապետը և՛ երեկ, և՛ այսօր ընդդիմությանը մեղադրեց կատարվածն անհամարժեք ընկալելու մեջ։ Ընդ որում, Փաշինյանը խաղաղության գործընթացի վերաբերյալ Բաքվի դիրքորոշման մասին բավականին ուշագրավ պնդումներ արեց։ Նրա խոսքով՝ Հայաստանից ու Ադրբեջանից հնչող բացասական հայտարարությունների տարբերությունն այն է, որ այստեղից դրանք հնչեցնում է ընդդիմությունը, իսկ այնտեղից՝ նաև իշխանության ներկայացուցիչները։ Այստեղից Փաշինյանն անսպասելի հետևություն է անում. «Այսինքն՝ Հայաստանի իշխանություննե՞րն էլ պետք է նման հայտարարություններ անեն։ Եթե ինչ-որ մեկը խաղաղությանը վնասող հայտարարություններ է անում, մենք է՞լ պետք է դա անենք։ Խաղաղությունը նվաճում է, և մենք պետք է հոգ տանենք դրա մասին։ Մենք նպատակ չունենք նսեմացնելու Շաքիի միջադեպը, սակայն ադեկվատությունը չպետք է կորցնել։ Ես սարսափած եմ ԱԺ-ի երեկվա քննարկումից», - նշեց Փաշինյանը։ Նա կրկնեց ԱԺ-ում հնչեցրած այն միտքը, թե ընդդիմության գնահատականների տրամաբանությամբ՝ ի՞նչ հետևանքներ կունենար հայ զինվորի սահմանահատումը, ինչպես նաև խոսեց սահմանային ռելիեֆի իրական բարդության վերաբերյալ քաղաքացիների թերի պատկերացումների մասին։ Ըստ նրա՝ եթե հիմք ընդունենք դիվերսանտի վարկածը, ստացվում է, որ այն կողմից նրա առաջ «դռները բացել ու ճանապարհ են տվել»։ Հակառակ դեպքում հարց է ծագում՝ ոչ միայն այն, թե նա ինչպես է հատել մեր պաշտպանական գիծը, այլև թե ինչպես է անցել Ադրբեջանի պաշտպանական գիծը։ Եթե այդպես է, ուրեմն ընդդիմությունը մեզ մեղադրել չի կարող, քանի որ նույն վիճակն էլ նրանց մոտ է,— ևս մեկ անսպասելի հետևություն է անում վարչապետը՝ հայկական «ծակ» սահմանի պատասխանատվությունն ակնհայտորեն բարդելով հակառակորդի աչալրջության պակասի վրա։ Փաշինյանը հիշեցրեց խաղաղության փխրունության մասին, հավաստիացրեց, որ որևէ մեկը մտադիր չէ թերագնահատել կատարվածը, և հասավ այնտեղ, որ միջադեպը համեմատեց կենցաղային հանցագործությունների հետ։ «Եթե ինչ-որ մեկը վախենում է, ապա Երևանում էլ կարող են վախենալ», - ասել է վարչապետը՝ հիշատակելով ավազակային հարձակումների և սպանությունների դեպքերը։ «Սովորական անդրսահմանային քրեական հանցագործություն է։ Այլ դեպքեր էլ են լինում, օրինակ՝ թմրանյութերի ներկրում ու տարանցում։ Պետք չէ կատարվածից աշխարհի վերջը սարքել», - շարունակել է Փաշինյանը։ Նա վերստին շեշտեց, որ իշխանությունները խաղաղությունը վտանգող հայտարարություններ չեն անելու։ «Եթե մյուսները գիտակցաբար են դա անում... Մեկ անգամը պատահականություն է, բայց եթե 3-4 անգամ է լինում, նշանակում է՝ խաղաղությունն է թիրախավորվում։ Եթե մենք էլ նույն կերպ պատասխանենք, վտանգի տակ կդնենք խաղաղությունն ու կիրագործենք նրանց նպատակը, տրվելով սադրանքին՝ կլուծենք նրանց խնդիրը։ Մեր նպատակը խաղաղությունն ինստիտուցիոնալ դարձնելն է, ինչը բազմապատիկ ավելի բարդ է, քան խաղաղությունը կործանելը», - հայտարարեց վարչապետը՝ ակնարկելով Ադրբեջանի իշխանությունների հռետորաբանությունը։ Վարչապետին հիշեցրին, որ քաղաքական ընդդիմախոսների հարցում նա շատ ավելի կտրուկ է լինում։ Ի պատասխան Փաշինյանը կրկնեց, որ կատարվածին տվել է իր գնահատականը և նշել է, որ ադրբեջանցի զինվորը հանցագործություն է գործել։ «Նա կալանավորված է, մի շարք հոդվածներով մեղադրանք է առաջադրվել։ Արտահանձնման թեմա չկա, Ադրբեջանից էլ նման պահանջ չկա։ Ադրբեջանն ինքն էլ է քրեական գործ հարուցել», - նկատեց նա։ Ամեն ինչ վերջնականապես հստակեցնելու համար վարչապետը հայտարարեց. ադրբեջանցի զինվորը հանցագործ է։ Ռոբերտ Քոչարյանն էլ է հանցագործ։ Գագիկ Ծառուկյանն էլ է հանցագործ։ Սամվել Կարապետյանն էլ է հանցագործ։ Գագիկ Խաչատրյանն էլ է հանցագործ։ Էլ հարցեր կա՞ն։ Սա քաղաքական գնահատական է, պարզաբանեց Փաշինյանը։