Սևան խոշորացված համայնքում մեկնարկած նախընտրական պայքարն աստիճանաբար թեժանում է։ Համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են տարբեր կենսագրություն, քաղաքական անցյալ, կառավարման փորձ և հանրային վարքագիծ ունեցող թեկնածուներ։ Սակայն այս ընտրությունները միայն երեք թեկնածուների մրցակցություն չեն։ Դրանք նաև յուրատեսակ գնահատական են լինելու Սևանում տարիներ շարունակ իրականացված աշխատանքին, քաղաքական խոստումներին և համայնքի զարգացման հեռանկարներին։ Այս ընտրապայքարի մասնակիցներին առավել հանգամանալից ներկայացնելու համար նախ անդրադառնանք գործող համայնքապետ Սարգիս Մուրադյանին, ապա՝ նրա մրցակիցներին, նրանց անցած քաղաքական ճանապարհին և նախընտրական մոտեցումներին։ Գործող համայնքապետ Սարգիս Մուրադյանը, ով այս ընտրություններին մասնակցում է «Վստահություն» դաշինքի կազմում, Սևանի ղեկավարի պաշտոնը ստանձնել է 2016 թվականին՝ բավականին բարդ ժամանակաշրջանում։ Նրա առջև ծառացած խնդիրները բազմաթիվ էին, իսկ նախորդ տարիներից ժառանգած կառավարման և ենթակառուցվածքային խնդիրները պահանջում էին հետևողական աշխատանք ու երկարաժամկետ մոտեցում։ Նրա գործունեության առաջին տարիները, բնականաբար, զերծ չեն եղել դժվարություններից, սակայն 2021 թվականի ընտրությունների ժամանակ բնակիչները կրկին իրենց վստահությունը հայտնեցին գործող համայնքապետին։ Այդ վստահությունը, նրա կողմնակիցների գնահատմամբ, պայմանավորված էր ոչ միայն կատարված աշխատանքով, այլև անձնական հատկանիշներով, մարդկանց հետ շփվելու կարողությամբ և համայնքի կառավարման ընթացքում ձևավորված փորձով։ Այսօր, հետևելով Մուրադյանի նախընտրական քարոզարշավին, կարելի է նկատել նրա ընտրած խոսքի առանձնահատկությունը։ Ի տարբերություն որոշ մրցակիցների՝ նա հիմնականում փորձում է խուսափել հուզական սրացումներից, չհիմնավորված խոստումներից և անձնական հակադրություններից։ Նրա խոսքում գերակշռում են չափավորությունը, սեփական աշխատանքի ներկայացումը և ընտրողի որոշման նկատմամբ վստահությունը։ «Ժողովուրդը իմաստուն է և գիտի, թե ում է ընտրելու»՝ սա այն միտքն է, որը Մուրադյանի խոսքում հաճախ է կրկնվում։ Անկախ նրանից, թե ինչպես կգնահատվեն նրա կառավարման տարիները, ակնհայտ է, որ գործող համայնքապետը ընտրապայքարի է դուրս գալիս արդեն իսկ ունեցած կառավարման փորձով և իր գործունեության համար պատասխան տալու անհրաժեշտությամբ։ Իսկ ընտրողը հնարավորություն ունի համեմատելու խոստումները կատարված աշխատանքի հետ։ Մյուս թեկնածուն Ծովագյուղի նախկին համայնքապետ Վահրամ Գևորգյաննէ, ով գլխավորում է «Միասնական համայնք» կուսակցության ընտրական ցուցակը։ Գևորգյանի քաղաքական ճանապարհում կա մի հանգամանք, որն առանձնահատուկ ուշադրության է արժանի։ Դեռևս 2021 թվականին, համայնքների խոշորացման գործընթացի ժամանակ, նա հանդես էր գալիս Ծովագյուղը Սևան համայնքին միավորելու դեմ՝ պայքարելով այդ գործընթացի դեմ։ Այսօր, սակայն, նույն քաղաքական գործիչը հավակնում է ղեկավարել արդեն խոշորացված Սևան համայնքը։ Սա, անշուշտ, քաղաքական հետաքրքիր հակասություն է, որի վերաբերյալ ընտրողներն իրավունք ունեն լսելու հստակ բացատրություն։ Գևորգյանի անվան շուրջ նախկինում ևս տարբեր հրապարակային քննարկումներ են եղել, այդ թվում՝ քրեական վարույթների համատեքստում։ Սակայն առանձին ուշադրության է արժանի նաև նրա նախընտրական քարոզարշավի ոճը։ Եթե քարոզարշավի սկզբնական օրերին Գևորգյանն առավել զուսպ հռետորաբանություն էր ընտրել, ապա վերջին օրերին նրա հրապարակային խոսքում նկատելի են դարձել ավելի կոշտ մեղադրանքները, անձնական բնույթի քննադատությունն ու հուզական հայտարարությունները։ Տպավորություն է ստեղծվում, որ նրա քարոզարշավի առանցքային մարտավարություններից մեկը գործող համայնքապետին հակազդելու և ընտրապայքարը բովանդակային քննարկումներից դեպի էմոցիոնալ հակադրություն տեղափոխելու փորձն է։ Ավելին՝ Գևորգյանի որոշ հայտարարությունների առնչությամբ իրավապահ մարմիններում գործընթացներ են սկսվել։ Մասնավորապես, նրա հայտարարություններից մեկի հիման վրա հաղորդում է ձևակերպվել, և դատախազության կողմից ուսումնասիրություններ են իրականացվում համայնքապետարանում։ Այնուամենայնիվ, նույնիսկ սեփական տեսլականներն ու խոստումները ներկայացնելիս Գևորգյանի պարագայում բնակիչների մոտ բազմաթիվ հարցեր են առաջանում։ Մասնավորապես՝ ինչպե՞ս է նա պատրաստվում կյանքի կոչել իր հնչեցրած բազմաթիվ խոստումները, որոնք առավելապես պոպուլիստական բնույթ են կրում և ավելի շատ հնչում են որպես ընտրողների ականջահաճո հայտարարություններ, քան իրական հնարավորությունների ու իրատեսական ծրագրերի վրա հիմնված առաջարկներ։ Չէ՞ որ համայնքի բնակիչներին անհրաժեշտ են ոչ թե պարզապես գեղեցիկ խոսքեր, այլ հստակ հաշվարկներ, իրագործելի ծրագրեր և դրանց իրականացման կոնկրետ մեխանիզմներ։ Երրորդ թեկնածուն ՔՊ կուսակցության ներկայացուցիչ Սուրեն Գրիգորյանն է, ում հանրային և կառավարչական կենսագրության մասին առայժմ գրեթե տեղեկություններ չեն ներկայացվել։ Հրապարակային տեղեկությունների համաձայն՝ նա նախորդ տարի նշանակվել է մարզպետի օգնական։ Սակայն համայնքի ղեկավարի պաշտոնի հավակնորդի համար սա դեռևս բավարար չէ՝ հասկանալու նրա կառավարման փորձը, մասնագիտական կարողություններն ու Սևանի զարգացման վերաբերյալ պատկերացումները։ Քարոզարշավի ընթացքում Գրիգորյանի հանրային ակտիվությունը նույնպես առանձնապես աչքի չի ընկնում։ Նրա փոխարեն հաճախ ավելի ակտիվ են հանդես գալիս քաղաքական թիմի այլ ներկայացուցիչներ, այդ թվում՝ Գեղարքունիքի մարզպետը։ Արդյունքում ընտրողների շրջանում բնական հարց է առաջանում՝ արդյո՞ք Գրիգորյանն ունի սեփական քաղաքական խոսք և ինքնուրույն ներկայացվող ծրագիր, թե՞ նրա թեկնածությունն առավելապես կուսակցական թիմի որոշման արդյունք է։ Սոցիալական միջավայրում նրա պասիվության վերաբերյալ նույնիսկ հեգնական մեկնաբանություններ են հնչում։ Միևնույն ժամանակ, քաղաքական շրջանակներում շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ հնարավոր են տարբեր թեկնածուների միջև համագործակցության փորձեր՝ գործող համայնքապետի դեմ միասնական պայքար ծավալելու նպատակով։ Եթե նման պայմանավորվածություններ իսկապես կան, ապա ընտրողները պետք է իմանան դրանց քաղաքական նպատակներն ու հնարավոր հետևանքները։ Այսպիսով, Սևանի ընտրական պայքարում առայժմ տեսնում ենք երեք տարբեր մոտեցում։ Մի կողմից՝ գործող համայնքապետ, որն իր անցած կառավարման տարիներով և կատարած աշխատանքով է փորձում ներկայանալ ընտրողին։ Մյուս կողմից՝ նախկին համայնքապետ, որի քաղաքական անցյալն ու այսօրվա հռետորաբանությունը բազմաթիվ հարցեր են առաջացնում։ Եվ, վերջապես, իշխող քաղաքական ուժի թեկնածու, որի հանրային ներկայությունն ու ինքնուրույն քաղաքական խոսքը դեռևս տեսանելի չեն։ Սակայն իրական պատկերը միայն թեկնածուների ելույթներով ու նախընտրական հայտարարություններով չի սահմանափակվում։ Կարևոր է նաև հասկանալ, թե ինչ տրամադրություններ են տիրում Սևան խոշորացված համայնքի բնակավայրերում, ինչ են մտածում բնակիչները, ինչ խնդիրներ են նրանց անհանգստացնում և, ամենակարևորը, ինչ ակնկալիքներ ունեն ապագա համայնքապետից։ Իսկ թե ինչ իրական տրամադրություններ են տիրում Սևան խոշորացված համայնքում, ինչպիսի՞ն է թեկնածուների իրական վարկանիշը բնակիչների շրջանում և ի՞նչ պատկեր է ուրվագծվում ընտրություններից առաջ, կանդրադառնանք մեր հաջորդ հրապարակման մեջ։
Քաղաքականություն
ՍևԱՆԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԸ․ ԵՐԵՔ ԹԵԿՆԱԾՈՒ, ԵՐԵՔ ՏԱՐԲԵՐ ՃԱՆԱՊԱՐՀ և ՄԵԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՊԱԳԱ

Սկզբնաղբյուր: KARTSIQ