Ռուսաց լեզվի նկատմամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետաքրքրությունը չի կարող չուրախացնել, հայտարարել է ՌԴ նախագահի խորհրդական Ելենա Յամպոլսկայան։ Նա նշել է, որ Երևանում «Մոսկվայի տունը» այս շաբաթ ազդարարել է ռուսաց լեզվի անվճար դասընթացներ, որոնք կսկսվեն հաջորդ շաբաթ, և վստահություն հայտնել, որ «Հայաստանի շատ քաղաքացիներ կցանկանան հաճախել դրանց»։ «Ի դեպ, անցյալ շաբաթավերջին Հայաստանի վարչապետը հանդես է եկել ռուսաց լեզվի վերաբերյալ խոստովանությամբ՝ հայտարարելով, որ այժմ ռուսերենի դասերի է հաճախում։ Նման հետաքրքրությունը, ընդհանուր առմամբ, չի կարող չուրախացնել, թեև հայտարարությունն անսպասելի է՝ հաշվի առնելով, որ ՇՀԿ նախորդ գագաթնաժողովում Նիկոլ Փաշինյանը ԱՊՀ անդամ երկրների ղեկավարներից միակն էր, ով ռուսերենով ելույթ չունեցավ»,- ասել է Յամպոլսկայան։ «Բայց, ըստ երևույթին, նա էլ, միևնույն է, առանց ռուսերենի չի կարող ապրել»,- եզրափակել է նախագահի խորհրդականը։ Սեպտեմբերի 17-ին Հայաստանի կառավարության նիստում Փաշինյանը հայտարարել էր, որ Կառավարման ակադեմիայում ռուսերենի դասընթացների է հաճախում։ Սեպտեմբերի 1-ին Բիշքեկում «ՇՀԿ+» գագաթնաժողովի ժամանակ Հայաստանի վարչապետն առաջին անգամ նմանատիպ միջոցառմանը ելույթ է ունեցել հայերենով։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ավելի ուշ Փաշինյանի այս որոշումն անվանել էր տարօրինակ։