Հոկտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի նորանշանակ դեսպան Դիմիտրիոս Սկուտասին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են նախարարությունից: Նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպան Սկուտասին դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ` մաղթելով հաջողություններ իր պատասխանատու առաքելության իրականացման գործում։ Վահան Կոստանյանն ընդգծել է, որ ավանդական բարեկամության և նույնական արժեքների վրա խարսխված Հայաստան-Հունաստան հարաբերություններն ամուր հիմք են ստեղծում դրանք որակապես նոր մակարդակի բարձրացնելու և հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում փոխշահավետ համագործակցությունն ընդլայնելու և խորացնելու համար: Զրուցակիցները կարևորել են նաև Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի համապարփակ իրագործման համատեքստում երկկողմ փոխգործակցության ընդլայնումը: Առանձնահատուկ շեշտադրվել է երկկողմ առևտրատնտեսական օրակարգի առաջմղումը: