ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս ուղերձով՝ կապված ՀՀ նոր սահմանադրության նախագծի հրապարակման հետ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ նոյեմբերի 23–ին, հրապարակվել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը, հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով։ Կայքում առանձնացված բաժնում ներկայացվում է , թե ինչ նոր կետեր ունի նոր Սահմանադրությունը։ Ուղերձի սկզբում վարչապետը ներկայացրել է Սահմանադրության նախաբանի ընթերցմամբ. «Մենք՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, հանուն մեր պետականության հարատևության ու զարգացման, առաջնորդվելով մեր միջազգայնորեն ճանաչված տարածքում անկախ, խաղաղ, անվտանգ, բարեկեցիկ պետություն կառուցելու առաքելությամբ և այդ պետությունը սերնդեսերունդ փոխանցելու հանձնառությամբ, ընդունում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։ Սահմանադրությունը մեր հավաքական պայմանավորվածությունն է Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին հարաբերությունների հիմնական սկզբունքների մասին»։ Այնուհետեւ Փաշինյանը նշել է. «Մեջբերումը Հայաստանի Հանրապետության նոր սահմանադրության առաջին նախագծից էր, որը արդարադատության նախարարությունը իմ հանձնարարությամբ հրապարակել է այսօր հատուկ ստեղծված կայքում։ Կայքի առանցքային նպատակն ապահովելն է, որ յուրաքանչյուր քաղաքացի առավել հարմարավետ ձևաչափով ծանոթանա նախագծին և ներկայացնի իր առաջարկները։ Նոր սահմանադրության նախագիծը պատրաստելու իրավունք և լիազորություն մենք ստացել ենք ձեզնից 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով և նոր սահմանադրության ընդունումը քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրի կարևոր կետերից է։ Նոր սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին վերջին տարիներին հաճախ եմ խոսել։ Թեման այնքան բազմաշերտ է, որ առաջիկայում ակնհայտորեն բազում անդրադարձեր պետք է ունենամ այս հարցին, մանավանդ, որ ակնկալում եմ նախագծի ակտիվ հանրային քննարկում։ Այս պահին ուզում եմ անդրադառնալ Հայաստանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության ժողովրդի սահմանադրություն ունենալու անհրաժեշտության մի քանի շարժառիթների և փաստարկների։ Մեզ անհրաժեշտ է նոր սահմանադրության ընդունմամբ օրգանական կապ ստեղծել քաղաքացու և երկրում հաստատված իրավակարգի միջև, որը բոլոր դեպքերում բխում է սահմանադրությունից։ Այսօր էլ մեր երկրում հաստատված իրավակարգը բխում է գործող սահմանադրությունից, բայց դրանով քաղաքացու և երկրում հաստատված իրավակարգի միջև օրգանական կապ ստեղծված չէ, այն պարզ պատճառով, որ բոլոր նախորդ սահմանադրությունները քաղաքացու ազատ կամ արտահայտմամբ չեն ընդունվել, հանրային լայն ըմբռնման համաձայն այդ հանրաքվեների արդյունքները կեղծվել են, հենց հիմա մի փորձարարություն անենք, արդյոք դու այո, դու, հարգելի քաղաքացի, որ հիմա դիտում ես այս եթերը, արդյո՞ք այսօր Հայաստանում գործող սահմանադրությունը դու քոնն ես համարում, ակնհայտորեն ոչ, ու մեր բազմաթիվ պրոբլեմներ սկսվում են այստեղից, երբ քաղաքացին սահմանադրությունը իրենը չի համարում, երկրում հաստատված իրավակարգը իրենը չի համարում, և ի վերջո պետությունը իրենը չի համարում։ Անհրաժեշտ է, որ սահմանադրությունը քոնը լինի, իրավակարգը քոնը լինի և այսպիսով պետությունը լիարժեք և ամբողջական քոնը լինի։ Իմ կամ որևէ մեկի սահմանադրությունը չի սա։ Սա քո սահմանադրությունն է, որն ասում է. մեջբերում ե. «Հայաստանի Հանրապետության հիմնադիրը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է։ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Ժողովուրդն է իշխանության տերը, կրողը և աղբյուրը։ Ժողովուրդը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հավաքական ամբողջությունն է»։ Այս նախագիծը նրա համար է, որ իրավակարգը դառնա քոնը։ Սահմանադրությունը դառնա քոնը, պետությունը դառնա քոնը, որովհետև սահմանադրության այս նախագիծը ասում է, մեջբերում եմ. «Ժողովուրդը Հայաստանի Հանրապետությունը հիմնադրել է իր անվտանգությունը, ազատությունը, բարեկեցությունը ապահովելու, ինքնությունը պաշտպանելու և զարգացնելու, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու նպատակով, այս նպատակի իրականացումը պետական շահ է»։