Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում կայցելի Մոսկվա։ Սեպտեմբերի 24-ին այս մասին հայտնել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։ «Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա կա ըմբռնում, որ նման այցը կկայանա առաջիկայում»,– ճեպազրույցի ժամանակ ասել է նա։ Պեսկովը հստակեցրել է, որ այցի հստակ ժամկետը դեռ համաձայնեցված չէ։ Նա նաև նշել է, որ Մոսկվան հարգում է Հայաստանի ինքնիշխան իրավունքները, սակայն հանրապետությունը շարունակում է մնալ Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրացիոն գործընթացի մասնակից։