Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովին բանակի գեներալի զինվորական կոչում է շնորհվել։ Նոր կոչման ուսադիրներն ու մուգ կարմիր բերետը Գրոզնիում նրան է հանձնել Ռոսգվարդիայի տնօրեն Վիկտոր Զոլոտովը, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Զոլոտովի խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է իրեն հայտարարել Կադիրովին հերթական բարձրագույն զինվորական կոչում շնորհելու մասին։ Մինչ այդ նա ուներ գեներալ-գնդապետի կոչում։ Բացի այդ, Զոլոտովը հայտնել է Կադիրովին մուգ կարմիր բերետ հանձնելու որոշման մասին, որը Ռոսգվարդիայի հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողների խորհրդանիշն է։ «Հատուկ նշանակության ստորաբաժանման և, ընդհանուր առմամբ, Ազգային գվարդիայի զորքերի զարգացման գործում ունեցած ծառայությունների գնահատման նշանով՝ որոշում է կայացվել բանակի գեներալ Կադիրովին հանձնել իրավապահ զորքերի այս կարևորագույն խորհրդանիշը»,— նշել է Ռոսգվարդիայի ղեկավարը։ Զոլոտովն ընդգծել է, որ մուգ կարմիր բերետ հանձնելու ավանդույթը կապված է գերատեսչության հատուկ նշանակության ստորաբաժանումների հետ։ Կադիրովին պարգևատրելու որոշումը կայացվել է գերատեսչական հատուկ նշանակության ուժերի ստեղծման տարեդարձից օրեր անց։
Քաղաքականություն
Պուտինը բանակի գեներալի կոչում է շնորհել Կադիրովին

Սկզբնաղբյուր: KARTSIQ