Հանրության առջև պատասխանատվության տեսանկյունից, սա բնականաբար, դրական երևույթ չէ, բայց միաժամանակ մեր գործողությունների տեսանկյունից մեր հայրենակիցները իսկ սկզբանե էլ իմացել են, որ ամեն ինչին էլ պատրաստ ենք։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 29–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով այսօր ԱԺ դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքին։ Անդրադառնալով պնդումներին, որ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորներն այսօր եկել էին սադրելու, Արամ Վարդևանյանն ասաց. «Դուք պատկերացնո՞ւմ եք, որ գործադիր իշխանության ղեկավարը այդ ընթացքում ժամանակ ունի ստատուս գրելու այն ամենի մասին, ինչ տեղի էր ունենում Ազգային ժողովում։ Եթե այդպես է ձեռնտու այդ ամենը ձևակերպել, այո, սադրողը մենք ենք, բայց օբյեկտիվ իրականության մեջ մի հատ նայեք էլի իրենց ելույթները, նայեք իրենց խոսույթը։ Այստեղ էլի գալիս ենք տարբեր այլ քրեական գործեր վերլուծելու մի իրավիճակի, թե ընդհանրապես, ֆիզիկական ներգործության իրավիճակներում կոնկրետ մարդկանց մոտ կամ մարդու մոտ ի՞նչ էմոցիաներ են առաջանում։ Կարծում եմ շատ հետաքրքիր պատասխանեցի։ Փաշինյանի գրառումների վերաբերյալ որևէ մեկնաբանություն չունեմ, կարծում եմ Նարեկը Կարապետյանը շատ հստակ պատասխանեց, ամեն մի նման վարքագծին էլ պատրաստ ենք, պատասխանել էլ ենք տալու, ավել էլ ենք տալու։ Այլ հարց, արդյո՞ք դա մեր հայրենակիցներին դուրեկան է, թե ոչ։ Հակված եմ, որ ոչ, բայց ամեն իրավիճակին էլ պատրաստ ենք եղել, պատրաստ ենք»,–ասաց նա։ Այսօր՝ հոկտեմբերի 29–ին, ծեծկռտուք է տեղի ունեցել ՔՊ–ի եւ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների միջեւ։ Ի սկզբանե իրավիճակը լարեց ՔՊ–ական Տարոն Չախոյանը, որի ելույթի ժամանակ լեզվակռիվ սկսվեց խորհրդարանում։ Լեզվակռիվը վերածվեց իսկական ծեծկռտուքի։ ԱԺ փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանը աթոռ նետեց ընդդիմադիրների ուղղությամբ։ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Անդրանիկ Գևորգյանի քթից արյուն էր հոսում, Ռուբեն Մխիթարյանի հագուստը պատառոտված է։ Շտապօգնություն է ժամանել խորհրդարան։ Ռուբինյանը, որի ուղիղ պարտականությունն էր կարգուկանոն ապահովել ԱԺ դահլիճում, սկզբում մի քանի րոպե լուռ հետեւում էր ծեծկռտուքին, որից հետո միայն ընդմիջում հայտարարեց՝ ներս հրավիրելով անվտանգության աշխատակիցներին։ Պատգամավորները վիճաբանությունը շարունակեցին միջանցքում։ Հնչում էին հայհոյանքներ։
Քաղաքականություն
Եթե այդպես է ձեռնտու ձևակերպել՝ այո´, սադրողը մենք ենք, բայց իրականությունն այլ է. Արամ Վարդևանյան

Սկզբնաղբյուր: KARTSIQ