Նախորդ քառօրյայում՝ սեպտեմբերի 15-ին,առաջարկ-հայտարարություն էի արել. Նպատակն էր ձեւավորել ԱԺ պատգամավորական պատվիրակություն եւ մեկնել Բաքու։ Այս մասին հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Նույն օրը պաշտոնական դիմում էի ուղարկել ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին։ Տեղադրում եմ ստորեւ. ՀՀ ազգային ժողովի նախագահ պարոն Ռուբեն Ռուբինյանին Հարգելի պարոն Ռուբինյան, Առաջարկում եմ ձևավորել պատգամավորական պատվիրակություն և գործուղել Բաքու։ Պատվիրակությունը առաջարկում եմ ձեւավորել հետեւյալ համամասնությամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից՝ հինգ պատգամավոր, «Ուժեղ Հայաստան» խմբակցությունից՝ երեք պատգամավոր, «Հայաստան» դաշինքից՝ երկու պատգամավոր։ Պատվիրակության գործուղման նպատակը՝ 1. Հանդիպել Ադրբեջանում պատանդի կարգավիճակում պահվող Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին և առնվազն մյուս տասնմեկ ՀՀ քաղաքացիներին։ 2. Ծանոթանալ նրանց պահման պայմաններին և առողջական վիճակին։ 3. Ստանալ նրանց դատավճիռները։ 4. Հանդիպել Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանին։ 5. Առաջարկում եմ փորձել հանդիպել Ադրբեջանում Միացյալ Նահանգների,Ֆրանսիայի,Ռուսաստանի դեսպաններին։ Պատվիրակության ղեկավարումը ստանձնեք Դուք։ Կազմակերպման հարցում փորձեք օգտագործել Արտաքին գործերի նախարարության խողովակը։ Անհնարինության դեպքումՙ առաջարկում եմ մեկնել Բաքու Վրաստանով՝ մեքենաներով, միջազգային ինֆորմացիոն ուղեկցությամբ։ Սեպտեմբերի 18-ին կարճառոտ պատասխան եմ ստացել ԱԺ նախագահից՝ «ընդունվել է ի գիտություն»։ Սա է ամենը, ինչ պետք է իմանալ եւ առնել ի գիտություն այս իշխանության Ադրբեջանից ունեցած դողէրոցքի մասին»։
Քաղաքականություն
Այն, ինչ պետք է իմանալ այս իշխանության՝ Բաքվից ունեցած դողէրոցքի մասին. Աղվան Վարդանյանը Ռուբինյանից պատասխան է ստացել

Սկզբնաղբյուր: KARTSIQ