Հիմա գրավոր ապացույցներն են հետազոտում, այսինքն փաստաթղթերը և գաղտնի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները, սրանք դեռևս մեղադրանքի կողմից ներկայացված ապացույցներ են։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 28–ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նշեց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փաստաբան Արամայիս Հայրապետյանը։ «Այս գործով, երբ երբ լսում ենք արձանագրությունը և խնդրում ենք հրապարակել բուն ձայնագրությունը, ապա մի շարք դեպքերում արձանագրության և ձայնագրության մեջ կան հակասություններ, այսինքն լսվում է մի բան, արձանագրված է այլ բան։ Զննող մարմինն ասում է՝ չենք հասկանում բառը, բայց երբ դնում ենք, հասկացվում է և ընդ որում, տրվում են կոնկրետ անուններ, որոնք կապված են ՔՊ–ի հետ։ Հիմա մենք առնվազն այն հարցը բարձրացնում ենք, սա դիտավորյալ չի հասկացվե՞լ, թե՞ իսկապես չի հասկացվել։ Բայց այդ չհասկացված հատվածները շատ էական նշանակություն ունեն։ Մենք մնում ենք նույն կարծիքին, որ քրեական գործում կաշառք ստանալուն, պահանջելուն, այդ հանցակազմը հիմնավորող որևէ տվյալ չկա»,–ասաց նա։ Պաշտպանը նաև նշեց, որ իրենք հենց դատաքննության սկզբից բարձրացրել են հարցը, որ եթե Վարդան Ղուկասյանը Հենրիկ Գասպարյանի հետ է կաշառք պահանջել Սևակ Գոմցյանից, ապա այդ գործերը ինչու իրար հետ չեն ուղարկել դատարան. «Խնդրել ենք նախաքննական մարմնին, որպեսզի ինքը տրամադրի քրեական գործի ողջ նյութերը, այդ թվում են նյութերը, որոնք Վարդան Ղուկասյանի գործը դատարան ուղարկելուց հետո քննությամբ ձեռք են բերվել։ Սակայն մեր բոլոր միջնորդությունները մերժվել են, և Հենրիկ Գասպարյանի վերաբերյալ քրեական գործը ավելի ուշ առանձին ուղարկվել է դատարան։ Հիմա ստացվում է, որ Վարդան Ղուկասյանի վերաբերյալ երկու առանձին գործեր են քննվում, որոնցից մեկին նա կարող է մասնակցել իր կարգավիճակով պայմանավորված, մյուսին չի կարող մասնակցել և մեր համար անհասանելի է, թե մյուս գործում, որը փաստացի նույն մեղադրանքն է, ինչ կա, որը մեզ չեն տրամադրում»,–ասաց Հայրապետյանը։ Ինչ վերաբերում է նրան, որ մեղադրանքներից մեկով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, Արամայիս Հայրապետյանն ասաց. «Նախ, այդ վճիռը դեռևս չի ստացվել, ընդամենը արդարացման վերդիկտն է հրապարակվել։ Կա նաև լրացուցիչ դատալցումների փուլ, դրանից հետո նոր դատարանը կտրամադրի դատավճիռ։ Այս պահի դրությամբ դատավճիռ, որպես այդպիսին, կայացված դեռևս չկա։ Բացի այդ արդարացման գործից, հիմա երեք քրեական գործ կա, մեկը այսօրվա գործն է, մեկը 2000-ականներին վերաբերվող գույքի գործն է, և մեկ գործ էլ կա, որը վերաբերում է իբրև ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելուն, որը կրկին դատարանի դահլիճում է եղել բոլորի աչքի առաջ»։