«Հակամարտությունը նոր է ավարտվել, և վերքերը դեռ թարմ են. մեր խնդիրն է նման հայտարարություններին պատշաճ ու բավականաչափ դիվանագիտորեն արձագանքելը կամ չարձագանքելը, ինչը ևս դիվանագիտության մաս է»։ Այս մասին հոկտեմբերի 28-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի այն հայտարարությանը, թե «Հայաստանն ու հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրեն ադրբեջանցիներից»։ Նրա գնահատմամբ՝ Հայաստանի ԱԳՆ-ն պատշաճ կերպով իրականացնում է այդ գործառույթը։ «Այնքան էլ ընդունելի չէ նման հայտարարություններից առավելագույնս քաղաքական բովանդակություն քաղելու փորձը»,- նշել է Ալեքսանյանը՝ հավելելով, որ միակողմանի խաղաղություն չի լինում, և ներկայիս խաղաղությունը նույնպես միակողմանի չէ։ Նա ընդգծել է, որ սահմանի երկու կողմերում էլ կրակոցներ չկան, և խաղաղություն է տիրում։ «Հնչո՞ւմ են հայտարարություններ, որոնք հաճախ կարելի է մեկնաբանել որպես խաղաղության գործընթացի տորպեդահարում։ Այո՛, լինում են։ Բայց ո՞րը պետք է լինի մեր արձագանքը՝ պատասխանել նույնանմա՞ն տորպեդահարող հայտարարություններով։ Ո՛չ, դա վատագույնն է, որ կարելի է անել։ Պետք է աշխատել հանգիստ, դիվանագիտորեն»,- նշել է Ալեքսանյանը՝ հավելելով, որ «մեր գործընկերներն էլ (Ադրբեջանից — խմբ․), իրենց հերթին, կարող են մեջբերել Հայաստանի ընդդիմադիր պաշտոնյաների խոսքերը»։