ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է CAATSA օրենքով Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցները չեղարկելու պատրաստակամության մասին, թեև այդ ուղղությամբ հստակ որոշում դեռ չի կայացվել։ Պատժամիջոցների չեղարկմանը խոչընդոտող հանգամանքների մասին հարցին ի պատասխան՝ Թրամփն ընդգծել է, որ շարունակելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ակտիվ շփումները՝ նրան անվանելով իր ընկերը։ «Ես միշտ էլ անելու եմ այնպես, որ նա գոհ մնա»,— նշել է Սպիտակ տան ղեկավարը։ Դեռ հուլիսին՝ Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում Էրդողանի հետ հանդիպմանը, Թրամփը հայտնել էր Անկարայի վրայից պատժամիջոցները հանելու մտադրության և F-35 կործանիչների հնարավոր վաճառքը դիտարկելու մասին։ Վաշինգտոնը Թուրքիային F-35 ծրագրից դուրս էր մղել 2019 թվականին, երբ վերջինս ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրներ գնեց։ ԱՄՆ-ն պնդում էր, թե ռուսական համակարգը սպառնում է F-35-ի տեխնոլոգիաների անվտանգությանն ու անհամատեղելի է ՆԱՏՕ-ի չափանիշների հետ։ Արդյունքում՝ 2020-ի դեկտեմբերին Միացյալ Նահանգները CAATSA-ի շրջանակում պատժամիջոցներ կիրառեց թուրքական ռազմարդյունաբերության և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ։ Թուրքական կողմի պնդմամբ՝ Ս-400-ների ձեռքբերումը պայմանավորված էր հակաօդային պաշտպանությունն հապշտապ ուժեղացնելու անհրաժեշտությամբ, քանի որ ամերիկյան «Patriot» համալիրներ ստանալ չէր հաջողվել։ Անկարան միաժամանակ բազմիցս հերքել է Վաշինգտոնի այն մտահոգությունները, թե Ս-400-ները հակասում են ՆԱՏՕ-ի համակարգերին կամ F-35 ծրագրին։ Չնայած Թրամփը դեռ հուլիսին էր վստահեցրել, թե պատժամիջոցները հանվելու են, հարցը մինչ օրս կախված է մնում։ Բացի այդ, F-35 ծրագրին Թուրքիայի վերադարձը բախվում է նաև իրավական արգելքների․ հուլիսին ԱՄՆ Պետդեպարտամենտը Կոնգրեսին տեղեկացրել էր, որ Անկարան դեռևս չի ապահովել դրա համար անհրաժեշտ պայմանները։
Քաղաքականություն
«Ես միշտ պատրաստ եմ ուրախացնել նրան»․ Թրամփն Էրդողանին իր ընկերն է համարում

Սկզբնաղբյուր: KARTSIQ