«Ազատ Քվե» դիտորդական առաքելությունը Ստեփանավանում արձանագրել է վարչական ռեսուրսի հնարավոր օգտագործման 11 դեպք։ Առաքելության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «2026 թվականի հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական գործընթացի շրջանակում «Ազատ Քվե» դիտորդական առաքելությունը մշտադիտարկել է Ստեփանավան համայնքի և վարչական բնակավայրերի հետ առնչվող տեղեկատվական հարթակների հրապարակումները։ Օգոստոսի 21-ից հոկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում «Դիմակայուն Ստեփանավան», «Վարդաբլուրի Գյուղապետարան» և «Գարգառի տեղեկատվական անկյուն» էջերում արձանագրվել է 11 դեպք, երբ տարածվել են «Գործարար» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների ու դրանց թեկնածուների նախընտրական բնույթի նյութեր՝ պաստառներ, քարոզչական գրառումներ, տեսանյութ և քվեաթերթիկի համարներ։ Դեպքերից 7-ը տեղի է ունեցել մինչև նախընտրական քարոզչության պաշտոնական մեկնարկը (սեպտեմբերի 30), 4-ը՝ քարոզչության ընթացքում։ Դիտորդական առաքելությունը այս դեպքերը գնահատում է որպես վարչական ռեսուրսի հնարավոր օգտագործման ռիսկ պարունակող դեպքեր, որոնք կարող են ազդել ընտրություններին մասնակցող սուբյեկտների համար հավասար մրցակցային պայմանների վրա։ Վերջնական իրավական գնահատականը վերապահվում է իրավասու մարմիններին։ «Ազատ Քվե» դիտորդական առաքելությունը շարունակում է դիտարկել Ստեփանավան համայնքի ՏԻՄ ընտրությունների նախընտրական շրջանը։