Մոտ ապագայում մեզ սպասում է TRIPP նախագծի իրականացումը Հայաստանի Հանրապետության տարածքում, որը կապաշրջափակի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունները, այդ թվում՝ Հայաստանի հյուսիսային և հարավային հատվածների միջև կապն Ադրբեջանի Նախջևանի Ինքնավար Հանրապետության տարածքով, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և նրա Նախջևանի Ինքնավար Հանրապետության միջև կապը Հայաստանի Հանրապետության տարածքով՝ պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման հիման վրա։ Այս մասին Թուրքմենստանում ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի հերթական նիստի ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Սա տեղի է ունենում ի կատարում Վաշինգտոնի հռչակագրի, որի երրորդ կետում ասվում է. «Մենք հաստատեցինք երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը ներպետական երկկողմ և միջազգային փոխադրումների նպատակով՝ նպաստելով տարածաշրջանում և հարակից տարածքներում խաղաղությանը, կայունությանը և բարգավաճմանը՝ հիմնվելով ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և պետությունների իրավազորության վրա: Այս ջանքերը պետք է ներառեն անխոչընդոտ հաղորդակցությունը Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և նրա Նախջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով միջազգային և ներպետական փոխադրումների համար Հայաստանի Հանրապետության փոխադարձ օգուտներով»: Այսպիսով, կբացվեն նաև նոր միջազգային լոգիստիկ ուղիներ՝ Արևելքից Արևմուտք և Հարավից Հյուսիս, այդ թվում՝ երկաթուղային հաղորդակցություն Պարսից ծոցի և Սև ծովի միջև՝ Իրանի Իսլամական Հանրապետության, Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Վրաստանի տարածքներով։ Սա ցույց է տալիս, որ TRIPP նախագծի իրականացումը ձեռնտու է տարածաշրջանի բոլոր երկրներին, այդ թվում՝ ԱՊՀ երկրներին, որոնք ձեռք կբերեն լոգիստիկ նոր հնարավորություններ։ Այս համատեքստում, ցանկանում եմ նշել, որ ակնկալվում է պետական սահմանի բացում և, համապատասխանաբար, Հայաստանի և Թուրքիայի միջև կապող ավտոմոբիլային ու երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնում»։
Քաղաքականություն
TRIPP նախագծի իրականացումը ձեռնտու է տարածաշրջանի բոլոր երկրներին, այդ թվում՝ ԱՊՀ երկրներին. Փաշինյան

Սկզբնաղբյուր: KARTSIQ