Պատմական եւ իրավական փաստեր, որոնք բացահայտում են Ադրբեջանը իշխանության եւ նրա թեզերը սատարող քպ-իստների կեղծիքը։ Հայաստանի իշխող վարչակարգը ,առաջնորրվելով ադրբեջանական թեզերով,Արցախը ճանաչել է Ադրբեջանի անբաժան մաս ։ Բայց իրականությունն այլ է.Արցախը ոչ թե Ադրբեջանի անբաժան մաս է,այլ օկուպացված է Ադրբեջանի կողմից։ Զերծ մնալով քաղաքական գնահատականից՝ ստորեւ ներկայացնում եմ պատմական եւ իրավական փաստեր ադրբեջանական կեղծ թեզերի վերաբերյալ: 1. Անտիկ պատմիչներ Ստրաբոնը եւ Դիոն Կասիոսը Օրխիստենեն, այսինքն` Արցախը հիշատակում են որպես պատմական Հայաստանի անբաժանելի մաս: 2. Պլինիոս Ավագը, Կլավդիոս Պտղոմեոսը, Դիոն Կասիոսը, Ապիանոսը եւ Ստրաբոնը իրենց աշխատություններում հստակ նշում են, որ Հայաստանի եւ Աղվանքի սահմանն անցնում է Կուր գետով: Հետեւաբար, եթե նույնիսկ մի պահ պատկերացնենք, որ ժամանակին կովկասյան թաթարների կամ այսօրվա ադրբեջանցիների քարոզչությունը որոշել է տեր կանգնել աղվանական ժառանգությանը, ապա այստեղ եւս պետք է հիասթափեցնեմ նրանց, քանի որ ,ըստ անտիկ պատմիչների, Արցախ եւ Ուտիք պատմական նահանգները սահմանակից են եղել Աղվանքին եւ նույն անտիկ պատմիչների վկայությամբ չեն մտել նրա աշխարհագրական սահմանների մեջ: Կրկնում եմ.պատմական Աղվանքի ,Բուն Աղվանքի կամ Կովկասյան Աղվանքի հետ ոչ Արցախ եւ ոչ էլ Ուտիք նահանգները կապ չունեն։ Աղվանքը գտնվել է Կուր գետի ձախափնյա հատվածում ,իսկ Աղվանքին սահմանակից Կուրի աջափնյա հատվածը Մեծ Հայքի անբաժանելի մասն են կազմել։ 3. Ադրբեջան անվանումով պետություն աշխարհի քաղաքական քարտեզի վրա առաջացել է միայն 1918թ. մայիսի 27-ին թուրք Նուրի փաշայի ռազմական ինտերվենցիայի արդյունքում: 4. Միջազգային հանրությունը չի էլ ճանաչել 1918-1920թթ. Ադրբեջանի դեմոկրատական հանրապետությունը: Ազգերի Լիգան ոչ միայն մերժել է պաշտոնապես ճանաչել Ադրբեջանի հանրապետությունը, այլեւ չի ընդունել Ադրբեջանի հանրապետության դիմումը Ազգերի Լիգային անդամակցելու վերաբերյալ: 5. 1920թ. դեկտեմբերի 1-ին Ազգերի Լիգայի Ասամբլեայի 5-րդ Կոմիտեն արձանագրել է. Ադրբեջանի հանրապետությունը նախկինում երբեք պետություն չի եղել եւ ընդգրկված է եղել ավելի մեծ տերությունների մեջ, ինչպիսին է Մոնղոլիան /նկատի ունի մոնղոլ-թաթարական տիրապետությունը/ կամ Պարսկաստանը, իսկ 1813թ-ից Ռուսական կայսրությունը: Ադրբեջան անվանումն էլ ոչ այլ ինչ է, քան հարեւան պարսկական գավառի անուն, որը ընտրվել է որպես նորաստեղծ հանրապետության անվանում: Այսպիսով, Ազգերի Լիգան դեռ 1920թ. արձանագրել է ա. Ադրբեջան պետություն մինչեւ 1918թ. գոյություն չի ունեցել բ. Ադրբեջան անվանումը պարսկական գավառներից մեկի փախառնված անվանումն է գ. Հրաժարվում է ճանաչել Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը որպես միջազգային սուբյեկտ: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խնդրին, նշեմ, որ նրա շուրջ վեճերը ակտիվացել են Ռուսական կայսրության քայքայման ժամանակաշրջանում: 1918-1920թթ. Լեռնային Ղարաբաղում օրենսդիր իշխանությունը իրականացվում էր Ղարաբաղի հայերի համագումարների միջոցով: Առաջին համագումարը 1918թ. հուլիսի 22-ին Լեռնային Ղարաբաղը հռչակում է անկախ վարչաքաղաքական միավոր`ընտրելով Ազգային խորհուրդ եւ կառավարություն: Ադրբեջանը փորձում է Ղարաբաղը ներառել իր կազմում, բայց թե երկրորդ եւ թե երրորդ համագումարները մերժում են թուրքական զորքերի պահանջը`անդամակցել Ադրբեջանին: Նման որոշումներ են կայացնում նաեւ 1919թ. հրավիրված համագումարները: Ռազմական բախումներից խուսափելու համար 1919թ. օգոստոսի 22-ին Ղարաբաղի հայերի 7-րդ համագումարը եւ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը համաձայնագիր են կնքում , որի համաձայն Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է քննարկվի Փարիզի Խաղաղության կոնֆերանսում: Ընդ որում, համաձայնագրում չէր փոխվում Ղարաբաղի կարգավիճակը: Հարկ է նշել, որ Ադրբեջանի կառավարության կողմից Լեռանյին Ղարաբաղի հայերի համագումարի հետ համաձայնագրի ստորագորւմը փաստում է, որ Ադրբեջանի հանրապետությունը ճանաչում է Ղարաբաղը որպես ինքնուրույն իրավաբանական միավոր: Սակայն 1920թ. մարտին ադրբեջանցիները՝ խախտելով համաձայնագիրը, ռազմական գործոություններ են սկսում Լեռնային Ղարաբաղի դեմ: Նման պայմաններում 1920թ. ապրիլի 23-ին Ղարաբաղի հայերի համագումարը Ղարաբաղը հռչակում է Հայաստանի Հանրապետության անքակտելի մաս: Իսկ 1920թ.օգոստոսի 10-ին Խորհրդային Ռուսաստանը եւ Հայաստանի Հանրապետությունը համաձայնագիր են ստորագրում, ըստ որի` խնդիրը պետք է լուծվի ՀՀ-ի եւ Խորհրդային Ռուսաստանի միջեւ կնքվելիք պակտով: Արձանագրենք, որ 1918-1920թթ. Լեռանյին Ղարաբաղը ոչ մի օր չի եղել Ադրբեջանի Հանրապետության կազմում, իր հերթին Ադրբեջանն էլ այդ ժամանակաշրջանում անգամ չի ճանաչվել Ազգերի Լիգայի կողմից: 1920թ. նոյեմբերի 30-ին Խորհրդային Ադրբեջանի կառավարությունը ընդունում է հռչակագիր, որով Լեռնային Ղարաբաղը, Նախիջեւանը եւ Զանգեզուրը դառնում են Խորհրդային Հայաստանի մաս: Իսկ 1921թ. հունիսի 12-ին Ադրբեջանի ԽՍՀ-ի Ազգային խորհուրդը որոշում է Լեռնային Ղարաբաղը ճանաչել ՀԽՍՀ անբաժանելի մաս: Արդեն 1921թ. հուլիսին Խորհրդային Ադրբեջանի ղեկավարությունը առաջարկում է Ղարաբաղի պատկանելության հարցը քննարկել Ռուսաստանի բոլշեւիկյան կուսակցության Կովկասյան բյուրոյի լիագումար նիստում: Հուլիսի 4-ի նիստը մերժում է Ադրբեջանի առաջարկը : Սակայն հաջորդ օրը ապօրինի որոշմամբ Լեռնային Ղարաբաղը կցվում է Ադրբեջանի ԽՍՀ-ին: Արցախի ժողովրդի ինքնորոշման համար պայքարը նոր թափ է ստանում 1988թ.-ին: Նույն թվականի փետրվարի 20-ի եւ հուլիսի 12-ի որոշումներով Լեռնային Ղարաբաղը ԽՍՀՄ օրենսդրության համաձայն`դուրս է գալիս Խորհրդային Ադրբեջանի կազմից, իսկ 1991թ. սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղը ձեռնամուխ է լինում անկախության գործընթացին` ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետութան անկախության մասին հռչակագիրը: Այս գործընթացն ամբողջությամբ համապատասխանում էր 1990թ. ապրիլի 3-ին ընդունված ԽՍՀՄ համապատասխան օրենսդրությանը : 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը միջազգային դիտորդների եւ ԶԼՄ-ների ներկայությամբ իրականացրեց անկախության հանրաքվե: Ի գիտություն պատմական եւ իրավական փաստերի կեղծարարների՝ նշեմ, որ հանրաքվեի քվեարկությանը մասնակցել է Լեռնային Ղարաբաղում գրանցված քվեարկողների 82,2 տոկոսը, որոնց 99 տոկոսը կամ 107.648 մարդ «այո» է ասել Արցախի անկախությանը : Այսպիսով, Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է ԽՍՀՄ միակ ինքնավար մարզը, որ ձեռք է բերել իր անկախությունը Խորհրդային ներքին օրենսդրության համաձայն: Հետեւաբար Ալիեւ կրտսերի հայտարարությունները ոչ միայն փաստերից զուրկ է, այլ նաեւ արհամարհանք է պատմագրության, միջազգային իրավունքի հանդեպ: