Ադրբեջանի խորհրդարանը մտահոգություն է հայտնել Թուրքիայի քաղաքական գործիչների հայտարարությունների առնչությամբ Ադրբեջանի խորհրդարանի՝ Թուրքիայի հետ միջխորհրդարանական հարաբերությունների հարցերով աշխատանքային խումբը հայտարարություն է տարածել՝ մտահոգություն հայտնելով թուրքական որոշ լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում և քաղաքական շրջանակներում Ադրբեջանի հասցեին հնչող քննադատությունների կապակցությամբ։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Հայտարարության համաձայն՝ վերջին շրջանում թուրքական որոշ մեդիա հարթակներում և սոցիալական ցանցերում Ադրբեջանի դեմ, ըստ աշխատանքային խմբի, իրականացվում է կողմնակալ տեղեկատվական արշավ։ Մտահոգության առիթ են դարձել նաև Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AK Parti) որոշ պատգամավորների և Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալի հայտարարությունները, որոնք ադրբեջանական կողմը որակել է անհիմն մեղադրանքներ։ Ադրբեջանի խորհրդարանում ընդգծել են, որ երկու երկրների միջև առկա են բարեկամական, եղբայրական և ռազմավարական դաշնակցային հարաբերություններ։ Միաժամանակ շեշտվել է, որ Ադրբեջանն անկախ և ինքնիշխան պետություն է, որն իր ներքին ու արտաքին քաղաքականությունն իրականացնում է սեփական ազգային շահերի և Սահմանադրության հիման վրա։ Հայտարարության հեղինակներն անդրադարձել են նաև Հեյդար Ալիևի ձևակերպած «Մեկ ազգ՝ երկու պետություն» սկզբունքին՝ նշելով, որ այն ենթադրում է երկու անկախ և ինքնիշխան պետությունների գոյություն։ Նրանց գնահատմամբ՝ անընդունելի է այդ սկզբունքի օգտագործումը որպես Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու կամ ադրբեջանական հասարակությանը արտաքին քաղաքական և գաղափարական մոտեցումներ պարտադրելու հիմնավորում։ Առանձին անդրադարձ է կատարվել Ադրբեջանի աշխարհիկ պետական համակարգին և կրթական քաղաքականությանը։ Խորհրդարանական աշխատանքային խումբը հիշեցրել է, որ երկրի Սահմանադրությամբ երաշխավորված են պետության աշխարհիկ բնույթն ու դավանանքի ազատությունը։ Նշվել է, որ կրթական հաստատություններում գործող կանոնները հավասարապես կիրառվում են բոլոր քաղաքացիների նկատմամբ և ուղղված չեն որևէ կրոնական խմբի դեմ։ Ադրբեջանական կողմն անընդունելի է համարել այս հարցերի քաղաքականացումը կրոնական և գաղափարական հարթություններում, ինչպես նաև երկրի սահմանադրական կարգի ու կրթական քաղաքականության վերաբերյալ անհիմն մեղադրանքների ներկայացումը։ Հայտարարության մեջ քննադատության են արժանացել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ադրբեջանական ժողովրդի, նրա պատմության և նշանավոր գործիչների հասցեին հնչած վիրավորական ու զրպարտչական արտահայտությունները։ Աշխատանքային խումբն ափսոսանք է հայտնել, որ Թուրքիայի իշխող AK Parti-ի ղեկավարությունը, ըստ իրենց, անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկում նման դրսևորումները կանխելու ուղղությամբ։ Բացի այդ, ադրբեջանական կողմը մտահոգություն է հայտնել Թուրքիայի տարածքում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունների առջև սադրիչ որակվող ակցիաների կազմակերպման և դրանց անցկացման կոչերի նկատմամբ ցուցաբերվող հանդուրժողական վերաբերմունքի կապակցությամբ։ Հայտարարության հեղինակների համոզմամբ՝ ադրբեջանա-թուրքական հարաբերությունների առանձնահատուկ բնույթը պահանջում է քաղաքական պատասխանատվություն, փոխադարձ հարգանք և միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքների պահպանում։ Ընդգծվել է, որ առանձին քաղաքական գործիչների հայտարարությունները չպետք է վնաս հասցնեն երկու երկրների հարաբերություններին։ Ամփոփելով՝ Ադրբեջանի խորհրդարանի աշխատանքային խումբը կոչ է արել Թուրքիայի համապատասխան քաղաքական շրջանակներին, այդ թվում՝ իշխող կուսակցության խորհրդարանական ներկայացուցիչներին, պատասխանատու մոտեցում ցուցաբերել բարձրացված հարցերի նկատմամբ։ Ադրբեջանական կողմն ակնկալում է, որ թուրք քաղաքական գործիչները կհարգեն երկրի ինքնիշխանությունն ու սահմանադրական կարգը և կխուսափեն այնպիսի հայտարարություններից, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունների վրա։