Գաղտնիք չէ, որ փաշինյանական ուժային կառույցները նախընտրական, հետընտրական և ընդհանրապես բոլոր դեպքերում գործում են բացառապես այն ժամանակ, երբ վերևից՝ մեկ մարդու կամ նրա մերձավոր շրջապատի կողմից հստակ հրահանգավորում է իջեցվում՝ իրական ընդդիմադիրներին ահաբեկելու, ձերբակալելու կամ նրանց աշխատանքը խոչընդոտելու նպատակով։
Հանրությունն արդեն քաջատեղյակ է ուժայինների գործելաոճին՝ երբ հարցը վերաբերում է իշխանության ընդդիմախոսներին, նրանք ուշի-ուշով, աչքները չռած հետևում են վերջիններիս ամեն մի քայլին ու շարժին։ Սակայն, ինչպես երևում է, այս սկզբունքը գործում է խիստ ընտրողաբար։ Օրինակ՝ Սևանի նախընտրական գործընթացների ընթացքում իրավապահները զարմանալիորեն աչք են փակում այսպես ասած «ընդդիմադիր» թեկնածուներից մեկի՝ Վահրամ Գևորգյանի և նրա շրջապատի շարժերի հանդեպ։
Մեր աղբյուրների տեղեկությունների համաձայն՝ Գևորգյանի թիմակիցներն իրենց այնքան ազատ ու անկաշկանդ են պահում, կարծես օրենքն իրենց վրա չի տարածվում։ Նախընտրական այս վերջին, վճռորոշ փուլում նրանք ընտրողներին շահագրգռելու նպատակով ամենատարբեր առաջարկներն են անում՝ ուղիղ ֆինանսավորումներից մինչև գազալցակայաններում անվճար գազ լիցքավորելը, տեխնիկայով ու սարքավորումներով «նվերներ» բաժանելը և նմանատիպ այլ բացահայտ գործողություններ։
Այս ամենի ֆոնին առավել քան տարօրինակ է ուժայինների լռությունը։ Ստացվում է երկու բանից մեկը. կա՛մ ոստիկանների ու հատուկ ծառայությունների ամենօրյա մոնիթորինգը հատուկ հրահանգով շրջանցում է այս հատվածը, կա՛մ նրանք ամեն ինչ մանրամասն ֆիքսում են, բայց միտումնավոր համապատասխան գործողություններ չեն ձեռնարկում՝ սպասելով իրենց ձեռնտու քաղաքական սցենարին, որպեսզի հարմար պահի Գևորգյանին ու նրա աջակիցներից ոմանց բերման ենթարկեն և օգտագործեն դա որպես ճնշման լծակ։
Ինչևէ, Սևանում ստեղծված այս իրավիճակը հերթական անգամ ապացուցում է, որ ուժային համակարգի համար առաջնայինը ոչ թե օրենքի տառն է, այլ քաղաքական կոնյունկտուրան։
