Ֆրանսիայի իշխանությունները ոստիկաններին հետ են կանչել արձակուրդից՝ հոկտեմբերի 24-ին նախատեսված համազգային նոր բողոքի ակցիաների ժամանակ հերթապահություն իրականացնելու համար։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է երկրի ՆԳՆ-ին կից նախարար-դելեգատ Ժան-Դիդյե Բերժեն։ Ավելի վաղ Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիեն Լըկորնյուն խոստացել էր, որ հոկտեմբերի 24-ի ցույցերի ժամանակ իշխանությունները զգալիորեն կավելացնեն ոստիկանական ուժերի քանակը։ Marianne պարբերականն էլ տեղեկացրել էր, որ Փարիզի ոստիկանությունն անհապաղ ծառայության է կանչել նաև պահեստազորայիններին։ «Մենք չեղարկել ենք արձակուրդները։ Հետ ենք կանչել նրանց, ովքեր պետք է հանգստի մեջ լինեին», — BFMTV հեռուստաալիքի եթերում ասել է Բերժեն։ Նրա խոսքով՝ շաբաթ օրը կարգուկանոնին հետևող իրավապահների թիվը հոկտեմբերի 17-ի նախորդ ցույցերի համեմատ կավելանա 20%-ով։ Նախարարը նաև հիշեցրել է, որ ոստիկանությանն աջակցելու համար կներգրավվեն զինվորականներ, ինչպես նաև ոստիկանության ու ժանդարմերիայի հատուկ նշանակության ստորաբաժանումներ։ Բողոքի ալիքը Ֆրանսիայում սկսվել էր սեպտեմբերի կեսերին, երբ Փարիզի արվարձաններում փողոց դուրս եկան ավագ դպրոցականները՝ պահանջելով բարելավել դպրոցների վիճակը։ Հետագայում նրանց միացան թանկացումներից դժգոհ քաղաքացիները, և ցույցերը տարածվեցին նաև մյուս շրջաններում։ Ամենազանգվածայինը եղել է հոկտեմբերի 17-ի համապետական երթը, որին, ՆԳՆ տվյալներով, մասնակցել է մոտ 550 հազար մարդ։ Այդ օրը ցուցարարների դեմ ֆրանսիական ոստիկանությունը կիրառել էր արցունքաբեր գազ, լուսաձայնային նռնակներ և ջրցան մեքենաներ։
Լուրեր
Հոկտեմբերի 24-ի ցույցերի նախաշեմին Ֆրանսիայի ոստիկաններին հետ են կանչել արձակուրդից

Սկզբնաղբյուր: KARTSIQ