Սենատոր Վլադիմիր Ջաբարովը Ռուսաստանի ԱԳՆ-ին առաջարկել է դիտարկել Հայաստանի Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի համար Ռուսաստան մուտքի արգելք սահմանելու հնարավորությունը՝ ռուսների մասին նրա հայտարարությունից հետո, հաղորդում է РИА Новости-ն։ Քաղաքական գործիչը հայ պաշտոնյայի խոսքերը անվանել է արհամարհական և հայտարարել, որ դրանց համար պետք է պատասխանատվություն կրել։ Ավելի վաղ Առուշանյանը Facebook-ում քննադատել էր Գյումրի քաղաքի օրվա տոնակատարությունը, որը կազմակերպել էր ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը։ Հրապարակման մեջ մարզպետը գրել էր, որ «գյումրեցիները ձեր Իվանները չեն»։ Երևանում Ռուսաստանի դեսպանատունը դատապարտել է այդ արտահայտությունը՝ հայտարարելով, որ նման հռետորաբանությունը հիշեցնում է գերմանացի նացիստների բառապաշարը Հայրենական մեծ պատերազմի տարիներին։ Ջաբարովը, որը գլխավորում է ՌԴ Դաշնային խորհրդի կանոնակարգի հանձնաժողովը, Առուշանյանին կոչ է արել հիշել պատմական իրադարձությունները։ Սենատորն ընդգծել է, որ ռուս զինծառայողները նախկինում պաշտպանել են Հայաստանը ցեղասպանության սպառնալիքից, ապա մասնակցել ֆաշիզմի դեմ պայքարին։ Նա հիշեցրել է նաև, որ այսօր Գյումրիում գտնվում են ռուս սահմանապահները և 102-րդ ռազմական բազան, որոնք «ապահովում են տեղի բնակիչների անվտանգությունը»։ «Անտեղի հռետորաբանության փոխարեն մարզպետը պարզապես պետք է շնորհակալություն հայտներ»,- հայտարարել է Ջաբարովը։ Սենատորը պաշտպանել է Ռուսաստանի դեսպանատան արձագանքը և հայ պաշտոնյային մեղադրել այնպիսի հռետորաբանություն կիրառելու մեջ, որը նա կապել է արևմտյան ոչ կառավարական կազմակերպությունների գործունեության հետ։ Նրա կարծիքով՝ նման կարգախոսներ նախկինում տարածվել են Ուկրաինայում, Մոլդովայում և Բալթյան երկրներում։
Լուրեր
ՌԴ Դաշնային խորհրդում կոչ են արել քննարկել Շիրակի մարզպետի համար Ռուսաստան մուտքի արգելքը

Սկզբնաղբյուր: KARTSIQ