Բոլոր երկրները, այդ թվում՝ Հայաստանն ու Չինաստանը, կարող են միավորել ջանքերը՝ գլոբալ կառավարումը բարելավելու համար։ Սեպտեմբերի 24-ին Երևանի պետական համալսարանում ընթացող «Քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ» գիտաժողովի ընթացքում այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի համալսարանի ռեկտոր Գաո Ֆեյը։ Նրա խոսքով՝ թե՛ Հայաստանը, թե՛ Չինաստանը մասնակցում են գլոբալ կառավարման գործընթացներին, ուստի երկու երկրներն էլ կարող են համագործակցել։ Նա նշել է, որ Չինաստանը պատրաստ է իր ներդրումն ունենալ համաշխարհային ֆինանսական ու առևտրային համակարգի բարեփոխման և դրա արդյունավետության բարձրացման գործում։ Բուհի ռեկտորի գնահատմամբ՝ մի շարք նոր ոլորտներում, օրինակ՝ արհեստական բանականության բնագավառում, Չինաստանը բավականին լավ արդյունքներ է գրանցել։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ անգամ Միացյալ Նահանգների և Չինաստանի պես խոշոր տերությունները չեն կարող միայնակ դիմակայել ի հայտ եկող մարտահրավերներին, ուստի անհրաժեշտ է միավորել ջանքերը։ «Մեզ անհրաժեշտ է գլոբալ կառավարում․ մեզ պետք չէ մեկ կամ երկու համաշխարհային կառավարիչ»,- ընդգծել է Գաո Ֆեյը։ Նա շեշտել է, որ այսօր աշխարհում արմատական փոփոխություններ են տեղի ունենում, և ավանդական միջազգային ինստիտուտները չեն կարողանում հասնել այդ փոփոխությունների հետևից։ «Այսօր ի հայտ են եկել նոր ոլորտներ, ինչպիսիք են արհեստական բանականությունը կամ համաշխարհային առողջապահությունը, որոնք դուրս են մնում ավանդական միջազգային ինստիտուտների տեսադաշտից»,- նշել է Չինաստանի արտաքին գործերի համալսարանի ղեկավարը։ Գաո Ֆեյը կոչ է արել մտածել գլոբալ կառավարման բարելավման շուրջ, քանի որ, նրա խոսքով, բոլոր երկրները, այդ թվում՝ Հայաստանը, Չինաստանը, ԱՄՆ-ն և Միավորված ազգերի կազմակերպությունը, խիստ քննադատության են ենթարկում այն։ Նա ընդգծել է, որ ավանդական միջազգային ինստիտուտների հենքի վրա անհրաժեշտ է բարեփոխումներ իրականացնել և ծագած բոլոր խնդիրները լուծել երկխոսության ճանապարհով։ Նա պարզաբանել է, որ չինական պատվիրակության՝ Հայաստան այցելելու հիմնական նպատակը մարդկանց, հատկապես ակադեմիական շրջանակների ու տարբեր ուսումնական հաստատությունների միջև շփումներ հաստատելն է։ Գաո Ֆեյը հիշեցրել է, որ այսօր Չինաստանը դարձել է աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսությունը, իսկ նրա համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) չորս անգամ գերազանցում է Ճապոնիայի և Գերմանիայի ՀՆԱ-ին։ «Մենք հպարտանում ենք մեր տնտեսական զարգացմամբ։ Բազմաթիվ ուղղություններով մեծ հաջողությունների ենք հասել, որոնցից մեկը ներքին քաղաքականությունն է։ Ներքին քաղաքականության հաջորդականությունը չափազանց կարևոր է։ Չինաստանը մեծ ուշադրություն է դարձնում ընդհանուր բարգավաճմանը»,- շեշտել է բուհի ղեկավարը՝ հավելելով, որ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում Չինաստանը պատրաստ է իր նպաստը բերել երկրների ընդհանուր զարգացմանը։