Հենրիխ Դանիելյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում հետևյալի մասին՝ «Իրանի նոր պաշտպանության նախարարի նշանակումը՝ Թեհրանի ռազմավարական ուղերձը Վաշինգտոնին Իրանի պաշտպանության նախարարի պաշտոնում Մեհրդադ Ախլաղի Քեթաբչիի նշանակումը պարզապես կադրային փոփոխություն չէ։ Այն ունի հստակ ռազմաքաղաքական նշանակություն և պետք է դիտարկել Իրանի ու Միացյալ Նահանգների միջև լարված հարաբերությունների, ինչպես նաև Մերձավոր Արևելքում ձևավորվող անվտանգային նոր իրողությունների համատեքստում։ Նորանշանակ նախարարը ոչ միայն լուրջ և փորձառու ռազմարդյունաբերական գործիչ է, որն իր կյանքի ավելի քան չորս տասնամյակը նվիրել է հայրենիքի պաշտպանական կարողությունների զարգացմանը, այլև Իրանի հրթիռային և ռազմարդյունաբերական համակարգի առանցքային ներկայացուցիչներից մեկը։ Տարբեր տարիներին նա ղեկավարել է Իրանի պաշտպանական արդյունաբերության ռազմավարական նշանակության կառույցներ, այդ թվում՝ Ավիատիեզերական արդյունաբերության կազմակերպությունը, Պաշտպանական արդյունաբերության կազմակերպությունը և «Շահիդ Բաղերի» արդյունաբերական խումբը։ Նրա գործունեությունն անմիջականորեն առնչվել է հրթիռային տեխնոլոգիաների, ռազմական արտադրության և պաշտպանական ինքնաբավության զարգացմանը։ Այս նշանակմամբ Թեհրանը կարևոր ազդակ է փոխանցում միջազգային հանրությանը. արտաքին ռազմական ճնշումները չեն փոխելու Իրանի պաշտպանական կարողությունների զարգացման երկարաժամկետ ռազմավարությունը։ Իրանի գլխավոր ուղղերձը մնում է նույնը` երկիրը պատրաստ է լիարժեք պաշտպանել իր շահերն ու իրավունքները բոլոր մեթոդներով: Սա պարզապես կոշտ հռետորաբանություն չէ, այլ ռազմական զսպման քաղաքականության տրամաբանության մեջ տեղավորվող ուղերձ։ Թեհրանը փորձում է Վաշինգտոնին հասկացնել, որ Իրանի դեմ նույնիսկ սահմանափակ ռազմական գործողությունը կարող է հանգեցնել տարածաշրջանային լայնածավալ էսկալացիայի և ամերիկյան կողմի համար անկանխատեսելի հետևանքների։ Այստեղ էական է այն հանգամանքը, որ նման հայտարարությամբ հանդես է գալիս ոչ թե շարքային քաղաքական գործիչ, այլ մարդ, որը տասնամյակներ շարունակ անմիջական մասնակցություն է ունեցել Իրանի ռազմական ներուժի զարգացմանը։ Իմ գնահատմամբ՝ այս նշանակմամբ Իրանը միաժամանակ երեք քաղաքական ուղերձ է հղում։ Առաջինը՝ սեփական հասարակությանը և պետական համակարգին. Իրանի պաշտպանական քաղաքականությունը շարունակական է, և արտաքին ճնշումները չեն խաթարելու պետական ինստիտուտների գործունեությունը։ Երկրորդը՝ տարածաշրջանային դերակատարներին. Թեհրանը մտադիր է պահպանել իր ռազմավարական ազդեցությունը, վերականգնել և զարգացնել պաշտպանական ու հրթիռային կարողությունները։ Երրորդը՝ անմիջապես Վաշինգտոնին. Իրանի դեմ ռազմական ուժի կիրառումը չի կարող դիտարկվել որպես հեշտ և սահմանափակ հետևանքներով գործողություն։ Միաժամանակ պետք է հասկանալ, որ Իրանի նոր պաշտպանության նախարարի նշանակումը կարևոր է նաև Հայաստանի համար։ Իրանը Հայաստանի անմիջական հարևանն է, և նրա կայունությունը, անվտանգությունն ու տարածաշրջանային դիրքերի պահպանումն անմիջականորեն առնչվում են մեր երկրի ռազմավարական շահերին։ Այսպիսով, Թեհրանը պաշտպանության նախարարի պաշտոնում ընտրել է ոչ թե պարզապես պատերազմի մասին խոսող գործչի, այլ մարդու, որը տասնամյակներ շարունակ զբաղվել է երկրի ռազմական և տեխնոլոգիական ներուժի ձևավորմամբ։ Նրա նշանակման և առաջին հայտարարությունների համադրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ Իրանը փորձում է Վաշինգտոնին փոխանցել հստակ ռազմաքաղաքական ազդակ. ռազմական ճնշման պայմաններում Թեհրանը մտադիր է ոչ թե հրաժարվել սեփական պաշտպանական ռազմավարությունից, այլ ամրապնդել իր զսպման ներուժը և բարձրացնել հնարավոր ռազմական առճակատման գինը։ Սա պատերազմի անխուսափելիության հայտարարություն չէ, այլ ուժի դիրքերից զսպման քաղաքականության շարունակության ազդակ։»