Օգոստոսի վերջից տեղեկություններ են շրջանառվում Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանի հնարավոր հետկանչի վերաբերյալ։ Թեև այդ մասին արդեն հրապարակումներ եղել են, պաշտոնական հերքում մինչ այժմ չի հնչել։ Սեպտեմբերին Արսենյանի՝ Հայաստան ժամանելուց հետո ենթադրություններ էին առաջացել, որ նա այլևս չի վերադառնա Մոսկվա։ Սակայն դեսպանը կրկին մեկնել է Ռուսաստանի մայրաքաղաք և շարունակում է իրականացնել իր դիվանագիտական պարտականությունները։ Լրատվամիջոցի աղբյուրի փոխանցմամբ՝ դրա պատճառը նոր դեսպանի ագրեմանի՝ ընդունող պետության պաշտոնական համաձայնության հարցի դեռևս չկարգավորված լինելն է։ Ըստ հրապարակման՝ նախօրեին Գուրգեն Արսենյանը Մոսկվայում իր նստավայրում կազմակերպել է մեծ ընդունելություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին։ Միջոցառումը տեղի է ունեցել Անկախության տոնից շուրջ 20 օր անց։ Դեսպանի մտերիմների փոխանցմամբ՝ ընդունելությունը կազմակերպվել է Արսենյանի անձնական միջոցներով։ Չի բացառվում, որ այն միաժամանակ ունեցել է նաև հրաժեշտի միջոցառման նշանակություն։ Միևնույն ժամանակ, աղբյուրների տեղեկություններով, առաջիկայում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում նախատեսվում է դեսպանի հրաժեշտի առանձին միջոցառում։ Հրապարակման համաձայն՝ ռուսական կողմը սկզբնական շրջանում որոշ վերապահումներ է ունեցել Գուրգեն Արսենյանի նշանակման վերաբերյալ, սակայն հետագայում կողմերին հաջողվել է փոխըմբռնման հասնել։ Աղբյուրները ենթադրում են, որ այդ հանգամանքը ևս կարող էր դեր ունենալ նրա հնարավոր պաշտոնանկության հարցում։ Ավելի վաղ տեղեկություններ էին հրապարակվել, որ Հայաստանի իշխանությունները Մոսկվայում դեսպանի պաշտոնում դիտարկում են 67-ամյա Սամվել Մկրտչյանի թեկնածությունը։ Վերջինս դիվանագիտական գործունեություն է ծավալել եվրոպական երկրներում, իսկ 2004–2010 թվականներին զբաղեցրել է ՆԱՏՕ-ում Հայաստանի ներկայացուցչի պաշտոնը։ Նշվում է նաև, որ Սամվել Մկրտչյանը ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմյանի քեռին է։ Այնուամենայնիվ, ըստ հրապարակման, Մկրտչյանի հնարավոր նշանակման հարցը դեռևս վերջնականապես լուծված չէ, քանի որ ռուսական կողմը կարող է չհամաձայնել նրա թեկնածությանը։
Լուրեր
Գուրգեն Արսենյանը Մոսկվայի իր նստավայրում մեծ միջոցառում է կազմակերպել

Սկզբնաղբյուր: KARTSIQ