2026 թվականի հոկտեմբերը աստղագիտական մեկնաբանություններում առանձնանում է հետադարձ շարժման մեջ գտնվող մոլորակների մեծ թվով։ Դրանցից մեկը՝ Պլուտոնը, որը մայիսի 6-ից գտնվում էր հետադարձ շարժման փուլում, հոկտեմբերի 16-ին ավարտում է այդ շրջանը՝ վերադառնալով ուղիղ շարժման։ Աստղագուշակների մեկնաբանությամբ՝ այս փոփոխությունը կարող է խորհրդանշել երկար ժամանակ չլուծված խնդիրների հանգուցալուծում, խոչընդոտների հաղթահարում և կյանքի տարբեր ոլորտներում նոր հնարավորությունների առաջացում։ Միաժամանակ այն կարող է առաջ բերել հարցեր, որոնց լուծումը նախկինում հետաձգվել է։ Աստղագուշակության մեջ Պլուտոնը համարվում է իշխանության, վերահսկողության, ֆինանսական մեծ ռեսուրսների, ճգնաժամերի և խորքային վերափոխումների խորհրդանիշ։ Այն կապվում է հին համակարգերի փոփոխության և նոր հնարավորությունների ձևավորման հետ։ Ընդ որում, դրա ազդեցությունը մեկնաբանվում է ոչ միայն անհատական, այլև հասարակական խմբերի, կազմակերպությունների և համայնքների մակարդակով։ Ի՞նչ փոփոխություններ են կանխատեսվում կենդանակերպի 12 նշանների համար։ Խոյ Խոյերի համար Պլուտոնի ուղիղ շարժումը կարող է փոփոխություններ խորհրդանշել ընկերական հարաբերություններում, հասարակական կապերում և ապագայի նպատակներում։ Առավել մեծ նշանակություն կստանան թիմային աշխատանքն ու համատեղ նախաձեռնությունները։ Այս շրջանը կարող է նպաստել շրջապատի վերագնահատմանը, նոր համախոհների ձեռքբերմանը և հասարակական գործունեության նկատմամբ վերաբերմունքի փոփոխությանը։ Խոյերը կարող են վերանայել նաև իրենց կապերի ազդեցությունը մասնագիտական առաջընթացի վրա։ Ցուլ Ցուլերի ուշադրության կենտրոնում կհայտնվեն կարիերան, մասնագիտական հավակնություններն ու ձեռքբերումները։ Աստղագուշակների մեկնաբանությամբ՝ հնարավոր են ինչպես աշխատանքային ուղղության էական փոփոխություններ, այնպես էլ մասնագիտական նպատակների վերանայում։ Այս փուլում խորհուրդ է տրվում խուսափել հապճեպ որոշումներից և ավելի հստակ պատկերացնել սեփական մասնագիտական հնարավորությունները։ Նոր հեռանկարները կարող են նպաստել ինքնադրսևորմանը, սակայն դրանց իրագործումը կպահանջի մտածված քայլեր։ Երկվորյակներ Երկվորյակների համար փոփոխությունները կարող են առնչվել կրթությանը, ճանապարհորդություններին, աշխարհայացքին, իրավական հարցերին և արտասահմանյան կապերին։ Այս շրջանում հնարավոր է նախկին համոզմունքների և կյանքի առաջնահերթությունների վերանայում։ Նոր ծանոթությունները, իրադարձություններն ու հնարավորությունները կարող են ընդլայնել աշխարհընկալումը։ Կարևոր կլինի բաց լինել նոր գաղափարների նկատմամբ և չսահմանափակվել արդեն ձևավորված պատկերացումներով։ Խեցգետին Խեցգետինների դեպքում ուշադրության կենտրոնում կարող են հայտնվել ֆինանսական պարտավորությունները, համատեղ ռեսուրսները, անձնական հարաբերություններն ու հոգեբանական վերափոխումները։ Աստղագուշակների մեկնաբանությամբ՝ անհրաժեշտություն կառաջանա վերանայելու ինչպես գործնական ու ֆինանսական պայմանավորվածությունները, այնպես էլ հուզական կապվածությունները։ Առանձնահատուկ նշանակություն կունենան ներքին վախերի, խոցելիությունների և չլուծված հոգեբանական հարցերի գիտակցումն ու հաղթահարումը։ Առյուծ Առյուծների համար այս շրջանի հիմնական թեման հարաբերություններն ու գործընկերային կապերն են։ Հնարավոր է անձնական և գործնական հարաբերությունների վերագնահատում՝ հատկապես վստահության, փոխըմբռնման և փոխադարձ պատասխանատվության տեսանկյունից։ Լարված հարաբերությունները պարտադիր չէ, որ ավարտվեն բաժանմամբ։ Ըստ աստղագուշակների՝ անկեղծությունն ու բաց հաղորդակցությունը կարող են նպաստել առկա տարաձայնությունների հաղթահարմանը և կապերի ամրապնդմանը։ Կույս Կույսերի կյանքում փոփոխությունները կարող են վերաբերել աշխատանքային առօրյային, պարտականություններին, առողջությանը և կենսակերպին։ Այս փուլը կարող է նպաստել աշխատանքային գործընթացների վերակազմակերպմանը և առօրյա սովորությունների փոփոխությանը։ Կարևոր կլինի ուշադրություն դարձնել առողջությանը, ժամանակի արդյունավետ կառավարմանը և կայուն կենսակարգի ձևավորմանը։ Նախատեսվող փոփոխությունները կյանքի կոչելու համար անհրաժեշտ կլինեն հետևողականություն և կամքի ուժ։ Կշեռք Կշեռքների համար Պլուտոնի շարժման փոփոխությունը կապվում է սիրային հարաբերությունների, ստեղծագործական գործունեության և երեխաների հետ առնչվող հարցերի հետ։ Հնարավոր է զգացմունքային հարաբերությունների վերանայում, ինչպես նաև ստեղծագործական ներուժի բացահայտում։ Այս շրջանը կարող է խթանել ինքնարտահայտումը, նոր գաղափարների իրագործումն ու անձնական հարաբերություններում փոխադարձության կարևորության գիտակցումը։ Կարիճ Կարիճների ուշադրության կենտրոնում կարող են հայտնվել ընտանիքը, ծնողների հետ հարաբերությունները, բնակարանային հարցերն ու անձնական անվտանգության զգացումը։ Աստղագուշակների մեկնաբանությամբ՝ այս ժամանակահատվածը կարող է կապված լինել անցյալի դժվար փորձառությունների վերաիմաստավորման հետ։ Հնարավոր է անհրաժեշտություն առաջանա լուծելու ընտանեկան խնդիրները և վերանայելու սեփական կյանքի հուզական հիմքերը։ Թեև փոփոխությունները կարող են ժամանակ և ջանք պահանջել, դրանք մեկնաբանվում են որպես ավելի կայուն ու ազատ ապագա կառուցելու հնարավորություն։ Աղեղնավոր Աղեղնավորների համար փոփոխությունները կարող են առնչվել հաղորդակցությանը, տեղեկատվությանը, մտերիմ շրջապատին և կարճատև ճանապարհորդություններին։ Այս շրջանում հնարավոր է նորովի գնահատել շրջապատի մարդկանց վարքագիծն ու շարժառիթները։ Կարևոր կլինի ստացված տեղեկությունները քննադատաբար վերլուծելը և չշտապելը եզրակացություններ անելիս։ Աստղագուշակները նաև կանխատեսում են գործուղումների, ճանապարհորդությունների և տեղաշարժերի ակտիվացում, որոնք կարող են նոր փոփոխությունների հիմք դառնալ։ Այծեղջյուր Այծեղջյուրների դեպքում հիմնական ուշադրությունը կկենտրոնանա ֆինանսների, եկամտի աղբյուրների, նյութական ռեսուրսների և ինքնագնահատականի վրա։ Այս փուլը կարող է նպաստել ֆինանսական սովորությունների ու եկամուտ ստանալու եղանակների վերանայմանը։ Միաժամանակ կարևոր կլինի հասկանալ, թե որքանով է սեփական արժեքի ընկալումը կախված արտաքին ճանաչումից և մասնագիտական ձեռքբերումներից։ Ըստ աստղագուշակների՝ հնարավոր են փոփոխություններ ֆինանսական կառավարման և նյութական կայունության ապահովման մոտեցումներում։ Ջրհոս Պլուտոնը գտնվում է Ջրհոսի նշանում, ինչի պատճառով աստղագուշակները հատկապես ընդգծում են այս նշանի ներկայացուցիչների համար հնարավոր փոփոխությունների նշանակությունը։ Դրանք կարող են վերաբերել ինքնընկալմանը, անհատականությանը, հավակնություններին և հասարակության մեջ զբաղեցրած դերին։ Այս շրջանում Ջրհոսները կարող են վերանայել իրենց նախկին նպատակները, վարքագիծն ու ինքնարտահայտման ձևերը։ Ներքին փոփոխությունները կարող են անդրադառնալ նաև նրանց հնարավորությունների և ապագայի նկատմամբ վերաբերմունքի վրա։ Ձկներ Ձկների համար Պլուտոնի ուղիղ շարժումը կապվում է ներաշխարհի, անցյալի, գաղտնիքների և հոգևոր զարգացման հետ։ Այս փուլում կարող են առաջնային դառնալ չավարտված հուզական պատմությունները, ներքին սահմանափակումներն ու նախկին ապրումները։ Աստղագուշակների մեկնաբանությամբ՝ կարևոր կլինի ազատվել անցյալի վախերից և մեղքի զգացումից, ինչպես նաև սովորել տարբերակել ինտուիցիան անհանգստությունից, կարեկցանքը՝ ինքնազոհաբերությունից, իսկ միայնությունը՝ իրականությունից խուսափելու ցանկությունից։ Ի՞նչ է կանխատեսվում բոլոր նշանների համար Աստղագուշակների ընդհանուր մեկնաբանությամբ՝ Պլուտոնի ուղիղ շարժման անցումը կարող է խորհրդանշել փոփոխությունների և կարևոր որոշումների շրջան կենդանակերպի բոլոր նշանների համար։ Այս ժամանակահատվածը կապվում է նախկին նպատակների, համոզմունքների և կյանքի առաջնահերթությունների վերանայման հետ։ Հնարավոր դժվարություններն ու ճգնաժամային իրավիճակները դիտարկվում են որպես ներքին աճի, հին խնդիրների հաղթահարման և նոր հնարավորությունների ձևավորման խորհրդանիշ։ Միևնույն ժամանակ հարկ է ընդգծել, որ ներկայացված կանխատեսումները հիմնված են աստղագուշակական մեկնաբանությունների վրա և գիտականորեն հաստատված կանխատեսումներ չեն։
Լուրեր
Հորոսկոպ. Պլուտոնը վերջապես դուրս է գալիս հետադարձ շարժումից

Սկզբնաղբյուր: KARTSIQ