Թուրքիայի Անկարա և Ստամբուլ քաղաքներում բողոքի զանգվածային ակցիաներ են տեղի ունեցել՝ կապված Ադրբեջանի ուսումնական հաստատություններում գլխաշոր կրելու նկատմամբ սահմանված սահմանափակումների հետ։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Հարյուրավոր ցուցարարներ հավաքվել են Անկարայում Ադրբեջանի դեսպանատան, ինչպես նաև Ստամբուլում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսարանի առջև՝ իրենց դժգոհությունն արտահայտելով ադրբեջանական իշխանությունների վարած քաղաքականության նկատմամբ։ Ակցիայի մասնակիցները վանկարկել են՝ «Հիջաբը Աստծո պատվիրանն է, այն չի կարելի արգելել»՝ պահանջելով դադարեցնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմի կողմից իրականացվող սահմանափակումները։ Ցուցարարների պնդմամբ՝ գլխաշոր կրելը կրոնական պարտավորություն է, և դրա պատճառով աշակերտների կրթություն ստանալու իրավունքը չպետք է սահմանափակվի։ Բողոքի ակցիաների ընթացքում մասնակիցները խիստ քննադատության են ենթարկել Ադրբեջանի իշխանություններին՝ ընդգծելով, որ կրոնական համոզմունքներն ու հագուստի ընտրությունը չպետք է խոչընդոտ հանդիսանան կրթություն ստանալու համար։ Ցուցարարները կոչ են արել Ադրբեջանի իշխանություններին վերանայել գործող սահմանափակումները և ապահովել գլխաշոր կրող աշակերտների կրթական իրավունքների պաշտպանությունը։