ՀՅԴ երիտասարդական միությունն այսօր՝ հոկտեմբերի 2–ին, բողոքի ակցիա է կազմակերպել ԱԱԾ շենքի դիմաց՝ պահանջելով չարտահանձնել ադրբեջանցի զինծառայողին, որը հատել է սահմանը, մտել Շաքի գյուղի տներից մեկն ու երեխաների աչքի առաջ կրակել հայ կնոջ վրա։ Նրանց ձեռքին կան պաստառներ. «Հայ գերիների վերադարձը առաջնահերություն», «Հաջորդը կարող է լինել ձեր ընտանիքը», «Պետության դերը կանխելն է, ոչ թե արձանագրելը», «Սյունիք–տուր ադրբեջանցիների համար, հովանավոր՝ ԱԱԾ»։ ՀՅԴ երիտասարդներից տարոն Մանուկյանը իր խոսքում նշեց. «Մենք որպես երիտասարդներ մեծ ամոթով ենք այսօր այստեղ կանգնած, որովհետև Հեկել ենք Հ ԱԱԾ շենքի դիմաց պահանջելու, որ հայոց երկիր Սյունիքի սահմանը խախտած ադրբեջանցուն, ով իր երեխաների ներկայությամբ կրակել է հայ կնոջ վրա, չարտահանձնեն Ադրբեջանին։ Մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ երբեմնի հարյուրավոր կիլոմետրեր հեռու գտնվող սահմանը այսօր հասել է Ադրբեջանի սահմանին և մենք ունենում ենք դիվերսիոն ներքափանցում։ Մենք ականատես ենք եղել երեկ մի իրավիճակի, որ մեր երկրում ադրբեջանցի զինծառայողը կրակ է բացում հայ կնոջ վրա, հայ մոր վրա և հնարավոր է արտահանվի թուրքին, որպես «բարի կամքի դրսևորում», ինչպես տեսել ենք նախորդ անգամները։ Մեր պահանջ-հորդորն է ադրբեջանցին, թուրքը, որը շարունակում է մեր թշնամին մնալ, իրավունք չունի հանձնվել թշնամուն։ Միակ նախապայմանը նրա Ադրբեջանում հայտնվելու փոխանակումն է մեր որևէ հայ զինծառայող գերու հետ։ Այլ որևէ պայման մեզ համար անընդունելի է»,– հայտարարեց նա։ Տարոն Մանուկյանն անդրադարձավ նաև Հիքմեթ Հաջիևի այսօրվա հայտարարությանը, ով ասել էր, թե հայ երիտասարդների մեջ մնացել են ռևանշիստական գաղափարներ և դա պիտի արմատախիլ արվի. «Մենք, որպես հայ երիտասարդներ, որպես դաշնակցական երիտասարդներ, ուզում ենք ևս մեկ անգամ շեշտել, այո, մենք այս պատմական անարդարությունը չենք հանդուրժելու, մեր մեջից այդ գաղափարները արմատախիլ անել չենք թողելու, մենք Արցախը չենք ուրանալու, մենք հայ մարդու տարիներ շարունակ կրած զրկանքները չենք ուրանալու, մեր գաղափարներին չենք դավաճանելու։ Դա արմատախիլ անելու միակ տարբերակը մեզ ուղղակի վերացնելն ու բնաջնջելն է, բայց դա էլ չի ստացվելու, մեզ ոչ բանտարկելով եք կարողանալու մեր գաղափարների շեղել, ոչ մեզ սպանելով եք կարողանալու մեր գաղափարների շեղել, որովհետև այդ գաղափարներով մենք մեծացել ենք, դաստիարակվել ենք և այդ գաղափարների համար պատրաստ ենք տալ ամենաթանկը»,–ասաց նա։
Լուրեր
Մեծ ամոթով ենք այստեղ կանգնած, ադրբեջանցին, հնարավոր է, արտահանվի որպես «բարի կամքի դրսևորում». ակցիա

Սկզբնաղբյուր: KARTSIQ