Նախորդ անգամ ես խոսեցի արտահերթ ընտրությունների հնարավոր սցենարի մասին, սակայն երեկ՝ կառավարության հետ հարցուպատասխանից հետո, համոզվեցի, որ մեծ է հավանականությունը, որ բանն արտահերթ ընտրությունների չի հասնի։ Այս մասին հոկտեմբերի 29-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա կրկնեց, որ դրա փոխարեն Սահմանադրության մասով կարվի այնպիսի առաջարկ, որից ընդդիմությունը չի կարողանա հրաժարվել։ «Երեկ՝ կառավարության հետ հարցուպատասխանի արդյունքներով, նրանք հնարավորություն տվեցին գործընթացն այնպես տանել, որպեսզի ընդդիմության նկատմամբ հանրային ուժեղ ճնշում գեներացվի, որպեսզի նրանք իրենց քվեարկությամբ հնարավոր դարձնեն նոր Սահմանադրության հանրաքվեի անցկացումը»,- նշեց Փաշինյանը։ Ընդ որում՝ նա պարզաբանեց, որ չի կարող երաշխավորել, թե կկարողանա ձևակերպել այդ առաջարկը. «Ավելին ասել չեմ կարող»։ Նրա գնահատմամբ՝ ընդդիմության հարցն այն է, թե արդյո՞ք սա խաղաղության գործընթացի վերջակետն է։ Նա չբացառեց, որ իշխանության աջակիցներն ակցիա կանցկացնեն՝ ընդդիմության վրա ճնշում գործադրելու նպատակով, որպեսզի վերջինս կողմ քվեարկի Սահմանադրության հանրաքվեի անցկացմանը։ «Եթե այս սցենարը չաշխատի, ապա մենք կգնանք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ճանապարհով՝ 100 տոկոսանոց երաշխիքով, որ ներկայիս ընդդիմությունը հաջորդ գումարման խորհրդարանում չի հայտնվի»,– հավելեց կառավարության ղեկավարը։ Սրանով նա բացատրեց այն հանգամանքը, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հավանականությունը, իր գնահատմամբ, խիստ ցածր է։ «Եթե ես ժողովրդին կոչ անեմ հանրաքվեում կողմ քվեարկել Սահմանադրության փոփոխությանը, և մենք այդ քայլով վերջ դնենք հազարամյա հակամարտությանն ու հաջողվի հիմնավորումներ ներկայացնել, ժողովուրդը 90 տոկոսով «կողմ» կքվեարկի։ Սա տեսական ծրագիր է։ Ես կգնամ այս ծրագրի իրագործման ճանապարհով, և դա շատ բարդ գործընթաց է»,- ընդգծեց Փաշինյանը։