Զարմանալի չէ, որ վարչապետը ուղղակի արդարացնում է քաղաքական մարմնում բռնությունը: Այս մասին Facebook—ի իր էջում գրել է իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Պարզապես այսօրվա դեպքերը պետք է ընկալել նոր Սահմանադրություն ընդունելու գործընթացում ընդդիմության կամքը կոտրելու, նրանց ահաբեկելու և կողմ քվեարկելուն հարկադրելու նախապատրաստական քայլերի համատեքստում։ Պատահական չէ, որ այսօր հրապարակվեց նաև հաջորդ սպառնալիքը` եթե ընդդիմությունը սահմանադրական հանրաքվեին կողմ չքվեարկի, ապա իշխանությունը ԱԺ դիմաց կկազմակերպի ցույցեր։ Երևի ամբոխի առջև կբացվեն նաև ԱԺ «երկաթե վարագույրները»։ Այսօր՝ հոկտեմբերի 29–ին, ծեծկռտուք է տեղի ունեցել ՔՊ–ի եւ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների միջեւ։ Ի սկզբանե իրավիճակը լարեց ՔՊ–ական Տարոն Չախոյանը, որի ելույթի ժամանակ լեզվակռիվ սկսվեց խորհրդարանում։ Լեզվակռիվը վերածվեց իսկական ծեծկռտուքի։ ԱԺ փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանը աթոռ նետեց ընդդիմադիրների ուղղությամբ։ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Անդրանիկ Գևորգյանի քթից արյուն էր հոսում, Ռուբեն Մխիթարյանի հագուստը պատառոտված է։ Շտապօգնություն է ժամանել խորհրդարան։ Ռուբինյանը, որի ուղիղ պարտականությունն էր կարգուկանոն ապահովել ԱԺ դահլիճում, սկզբում մի քանի րոպե լուռ հետեւում էր ծեծկռտուքին, որից հետո միայն ընդմիջում հայտարարեց՝ ներս հրավիրելով անվտանգության աշխատակիցներին։