Խաղաղության պայմանագրում չկա որևէ պայման սահմանադրական փոփոխությունների հետ կապված։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 30–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ «Խաղաղության պայմանագիրը ստորագրվել է վկայի կարգավիճակով միջնորդի ներկայությամբ։ ԱՄՆ–ն վկան է, ով նաև միջնորդ է, և նա է երաշխավորը, այդ վկա լինելով, որ պայմանները հենց այսպիսին են։ Դրանից որոշ ժամանակ հետո Ադրբեջանը նախաստորագրված պայմանագրի մասին հավելյալ պահանջ է դնում ու բարձրացնում է սահմանադրության փոփոխության հարցը, ադրբեջանցիների գալու հարցը։ Մենք տեսնում ենք, որ հատուկ քաղաքական ոճ կա այդտեղ, քիչ-քիչ են վերցնում, սկզբից մի խնդիրն են լուծում, հետո անցնում են մյուսին, փաթեթային չեն մոտենում։ Այդ պատճառով մեր երկիրը կանգնել է վտանգի առջև, որ վերջին 5 տարիներին մենք զիջում ենք։ Ադրբեջանը հասկացել է, որ ինչքան ձգի խաղաղության պայմանագիրը, այնքան շատ կվերցնի մեզանից։ Խաղաղության կարելի է հասնել մենակ մի ձևով, երբ դիմացի կողմը հասկանա, որ էլ չի կարողանա երկարաձգելով բան ստանալ, երբ պատ տեսնի։ Իշխանությունը վախ ունի և արդեն պարտված լինելով, չի կարողանում չենթարկվել, իսկ ընդդիմությունը էդ վախերը չունի»,–ասաց նա։ Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ ալիևյան սահմանադրությունը չի կարող Հայաստանում անցնել. «Չի կարող հարևան երկրի ղեկավարը որոշի մեր սահմանադրությունը։ Պետականության մասին ենք մենք խոսում, երկրի մասին ենք խոսում, մենք խաղալիք չենք իրենց համար։ Իշխանություններն այնքան զիջումներ են արել, որ վարչապետն ինքն էլ է ասում, որ չգիտի՝ էլի զիջում ուզելո՞ւ է Ադրբեջանը, թե չէ։ Անգամ ինքն է ֆիքսում, որ չգիտի, բայց խաղաղության անվան տակ ընտրությունների գնաց մարդը, ընտրություններում ձայներ ստացավ, բայց ինքը դեռ փաստորեն չգիտեր դիմացի կողմը էլի ինչ է ուզելու։ Այսինքն ընտրության ժամանակ չգիտեր ինչ է ուզելու, բա ասում էր՝ արդեն նախաստորագրած պայմանագիր ունենք։ Այստեղ պարզ է դառնում, որ իրենք մոլորեցնում են ժողովրդին, թաքցրել են բանակցությունները, որպեսզի սիրտիկներով ընտրության ժամանակ ձայներ ստանան»,– ընդգծեց Նարեկ Կարապետյանը։ Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե ընդդիմությունը չհամաձայնի նոր սահմանադրություն ընդունելու հանրաքվեին, իրենք կգնան արտահերթ ընտրությունների, դա չի՞ վախեցնում ընդդիմությունը, նա պատասխանեց. «Մենք այստեղ ենք մեր երկրի շահը առաջ տանելու, այդ կրակը պահելու համար։ Ո՞նց կարա քո տասնամյակներով հակառակորդը գրի տա քեզ, թե քո սահմանադրությունը ինչպես լինի։ Պարզ է որ այդ սահմանադրությունը երկիրը թուլացնելու սահմանադրություն է լինելու, ինքը չի ցանկանալու՝ մենք ուժեղանանք։ Եթե մենք տեսնում ենք, որ մեր հակառակորդի առաջ պատ պետք է կանգնենք, ճնշումը մեզ ի՞նչ պետք է անի, հասարակության մեծ մասն էլ այլ ճնշում է անում, որ քո հակառակորդի խայծը մի կեր»։
Քաղաքականություն
Ադրբեջանը հասկացել է՝ ինչքան շատ ձգի պայմանագիրը, այնքան շատ կվերցնի մեզնից. Նարեկ Կարապետյան

Սկզբնաղբյուր: KARTSIQ