Հայաստանյան տեղեկատվական ու քաղաքական դաշտը վաղուց արդեն վերածվել է հարթակի, որտեղ բարոյական նորմերն ու էթիկան տեղ են տվել ամենացածր ու անձնավորված հարձակումներին։ Այսօր Ռոբերտ Քոչարյանի տելեգրամյան ալիքները և նրա աջակիցները բացահայտորեն և ցինիկաբար կրկին անցել են բոլոր «կարմիր գծերը»՝ այս անգամ թիրախավորելով Սամվել Կարապետյանի ընտանիքին, մասնավորապես՝ կանանց, անչափահաս երեխաներին ու թոռներին։ Այդ հարթակներում հրապարակված լուսանկարները, անձնական արխիվի դրվագներն ու մանիպուլյացիոն գրառումները վկայում են մի բանի մասին՝ քաղաքական պայքարի անվան տակ տեղի է ունենում բացահայտ տեղեկատվական տեռոր ընդդեմ անպաշտպան մարդկանց։ Խորը քննադատության է արժանի այն փաստը, որ հանրային կամ քաղաքական դաշտում գտնվող անձանց միջև եղած հակասությունները կամ տարաձայնությունները տեղափոխվում են ընտանեկան տիրույթ։ Մարդկանց ընտանիքներ մտնելը, կանանց և երեխաներին թիրախ դարձնելը, նրանց անձնական կյանքի լուսանկարներով մանիպուլյացիաներ անելն ու սպառնալիքներ տեղալը վկայում են ոչ թե ուժի, այլ բարոյական լիակատար սնանկության և անկարողության մասին։ Երբ հարձակման թիրախում հայտնվում են մարդիկ, ովքեր որևէ առնչություն չունեն քաղաքական որոշումների կամ պետական կառավարման հետ, դա դադարում է լինել քաղաքականություն և վերածվում է հասարակական բարոյականության ոչնչացման։ Շատ հաճախ փորձ է արվում արդարացումներ գտնել կամ համեմատություններ անել, թե ով ումից վատն է կամ լավը։ Սակայն այս հարցում խորապես հիասթափեցնող իրականությունն այն է, որ նրանք բացարձակապես նույնն են։ Ինչպես Նիկոլի և նրա թիմի կողմից բազմիցս կիրառվել է մարդկանց ընտանիքներ մտնելու, հարազատներին ու անձնական տիրույթը թիրախավորելու և սեփական շահերի համար ընտանեկան թեմաները շահագործելու գործելակերպը, այնպես էլ Քոչարյանի տեղեկատվական ռեսուրսներն են անում ճիշտ նույն բանը։ Երկուսն էլ առաջնորդվում են նույն անպատիվ տրամաբանությամբ՝ հանուն սեփական նպատակների ոտնահարել մարդկային արժանապատվությունը, քանդել անձնական սահմանները և տհաճ ու կեղտոտ մեթոդներով ճնշում գործադրել։ Մարդկանց ընտանիքներ մտնելու և այնտեղից հարվածելու այս ձեռագիրը հավասարապես դատապարտելի է, անընդունելի և հակասում է ցանկացած առողջ հասարակության հիմնարար արժեքներին։ Քանի դեռ հասարակության մեջ կան շրջանակներ, որոնց համար ընտանիքներն ու երեխաները տաբու չեն, Հայաստանում տեղեկատվական և բարոյական դաշտի առողջացման մասին խոսելն անհնար է։ Հ․Գ․ Տեղադրում ենք նաև այն լուսանկարները, որոնք հրապարակվել են Քոչարյանին աջակցող տեղեկատվական աղբյուրների կողմից (նշված լուսանկարներում երեխայի դեմքը փակված է): Հիշեցնենք՝ սա այն նույն Քոչարյանն է, ով սրտնեղում էր և փորձում խղճահարություն առաջացնել այն փաստի հիման վրա, որ նրա թոռները տանն են եղել, երբ եկել են նրան ձերբակալելու: Այս ամենը ևս մեկ անգամ փաստում է նրանց նույնանման ու նույնաբովանդակ գործունեությունն ու տրամաբանությունը: