Վերլուծաբանների տվյալներով՝ ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին ավելի քան 200 մարդ հրազենային վիրավորում է ստացել, առնվազն 76-ը՝ զոհվել։ Տեղի իրավապահները «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են տոնի առթիվ կազմակերպված երեկույթների մասին, որոնք ավարտվել են մասնակիցների զանգվածային հոսպիտալացմամբ։ 2026 թվականին հոկտեմբերի 31-ը՝ Բոլոր սրբերի օրվա նախօրեն, համընկել է շաբաթ օրվա հետ։ Նախորդ անգամ նման համընկնում եղել էր 2020 թվականին, իսկ հաջորդը կլինի 2037-ին։ ԱՄՆ-ում Հելոուինը նշում են մեծ շուքով՝ կազմակերպելով քաղաքային շքերթներ և զանգվածային դիմակահանդեսներ։ Ըստ վերլուծաբանների և լրատվամիջոցների տվյալների՝ առաջին միջադեպերից մեկը գրանցվել է ուրբաթ առավոտյան Թենեսի նահանգում․ դեռահասն ատրճանակ էր բերել ավագ դպրոց։ Զոհեր չեն եղել, իսկ դեռահասին ապօրինի զենք պահելու մեղադրանք է առաջադրվել։ Չիկագոյի հարավային շրջաններից մեկում վիճաբանության ժամանակ 35-ամյա տղամարդ է գնդակահարվել։ Դեպքի վայրից արված կադրերում երևում է Հելոուինի համար ճոխ զարդարված առանձնատուն։ Միսսուրի նահանգի փոքր քաղաքներից մեկի բնակարանում կազմակերպված խնջույքի ժամանակ ծագած վեճն ավարտվել է հրաձգությամբ․ 22-ամյա երիտասարդը վիրավորել է 18-ամյա պատանու։ Արձանագրվել են նաև ընտանեկան բռնության ժամանակ զենքի կիրառման դեպքեր։ Կալիֆոռնիա նահանգի Ֆերֆիլդ քաղաքի ոստիկանությունը հաղորդել է տեղի առևտրի կենտրոններից մեկում՝ Հելոուինի հանդերձանքների խանութի հարևանությամբ տեղի ունեցած հրաձգության մասին։ Իրավապահների տվյալներով՝ վիրավորվել է 16-ից 43 տարեկան վեց մարդ, իսկ 31-ամյա հղի կինը զոհվել է։