ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը պաշտպանել է նախագահ Դոնալդ Թրամփի՝ «CNN», «MSNOW» հեռուստաալիքների և «Politico» առցանց պարբերականի մուտքը Սպիտակ տուն արգելափակելու որոշումը՝ նրանց մեղադրելով ձախակողմյան ուժերի օգտին աշխատելու մեջ։ «Սա արգելք չէ․ մենք հրաժարվում ենք հատուկ արտոնություններ տրամադրել այն մարդկանց, ովքեր զբաղված են ոչ ազնիվ լուսաբանմամբ… Եթե դուք մտադիր եք հանդես գալ որպես ձախերի քարոզչական գործիք, ապա ի՞նչ տրամաբանությամբ Դոնալդ Թրամփը պետք է ձեզ հատուկ մուտքի իրավունք տա իր Սպիտակ տուն»,- «Newsmax» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է նա։ Նրա խոսքով՝ մուտքի արգելքը չի նշանակում իրադարձությունների լուսաբանման արգելք։ ««Politico»-ն առաջվա պես շարունակելու է գրել իր ցնդաբանությունները։ Նրանք դեռ շարունակելու են աղավաղել մեր ասածն ու արածը։ Տարբերությունն այն է, որ նրանք այլևս աշխատասենյակ չեն ունենա Սպիտակ տանը»,- նշել է Վենսը։ Նա նաև հավելել է, որ Սպիտակ տան մամուլի կենտրոնում տեղերը սահմանափակ են, և վարչակազմն անձամբ կարող է որոշել, թե ում տրամադրի դրանք։ Թրամփը սեպտեմբերի 18-ին հայտարարել էր «CNN»-ի, «MSNOW»-ի և «Politico»-ի՝ Սպիտակ տանը աշխատելու արգելքի մասին՝ նրանց մեղադրելով «կեղծ նորություններ» տարածելու մեջ։ Հաջորդ օրը լրագրողների անցագրերը չեղարկվել էին։ Երկուշաբթի հայտնի է դարձել, որ բոլոր երեք լրատվամիջոցները դատի են տվել ԱՄՆ վարչակազմին՝ պնդելով, որ խախտվել է խոսքի ազատության մասին Սահմանադրության Առաջին փոփոխությունը։ Սպիտակ տանը «ABC», «CBS», «Fox News» և «NBC» հեռուստաալիքները ներկայացնող լրագրողները հրաժարվել են փոխարինել «CNN»-ի նկարահանող խմբին, որը պետք է լուսաբաներ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Թրամփի մասնակցությամբ միջոցառումները։ Բոյկոտին միացել են նաև տպագիր մամուլի առաջատար պարբերականները՝ «New York Times»-ն ու «Washington Post»-ը, որոնք ի նշան գործընկերների հետ համերաշխության՝ հրաժարվել են հրապարակել Թրամփի մասնակցությամբ պաշտոնական լուսանկարներն ու նյութերը։
Միջազգային լուրեր
Վենսը պաշտպանել է «CNN»-ի, «MSNOW»-ի և «Politico»-ի մուտքը Սպիտակ տուն արգելափակելու որոշումը

Սկզբնաղբյուր: KARTSIQ