Լիտվայի խորհրդարանը քվեարկել է երկրի տարածքում միջուկային զենք տեղակայելու արգելքից հրաժարվելու օգտին։ Որոշումն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է երկրորդ քվեարկություն, որը տեղի կունենա երեք ամիս անց։ Լիտվայում միջուկային զենքի տեղաբաշխումն արգելող սահմանադրական հոդվածի չեղարկմանը լիագումար նիստում կողմ է քվեարկել 106 պատգամավոր, 6-ը ձեռնպահ են մնացել, իսկ 18-ը՝ դեմ։ «Միջուկային զենքի տեղակայման արգելքից հրաժարվելը վերացնում է անվտանգության ոլորտի այն իրավական սահմանափակումները, որոնք մեզ տարբերում էին ԵՄ և ՆԱՏՕ-ի մյուս երկրներից»,— հայտարարել է Սեյմի նախագահ Յուոզաս Օլեկասը։ Սեյմի որոշմամբ նախատեսվում է Սահմանադրությունից հանել 137-րդ հոդվածը, որն արգելում է Լիտվայի տարածքում զանգվածային ոչնչացման, այդ թվում՝ միջուկային զենքի տեղակայումը։ Նույն հոդվածով արգելվում է նաև օտարերկրյա ռազմաբազաների առկայությունը։ Մինչդեռ Վիլնյուսն այժմ փորձում է հասնել նրան, որ ԱՄՆ-ն իր տարածքում նման ռազմաբազա տեղակայի։ Սահմանադրական փոփոխություններն ընդունելու համար Սեյմը պետք է քվեարկի երկու անգամ՝ երեքամսյա ընդմիջումով։ Նորամուծությունը պետք է ստանա որակյալ մեծամասնության աջակցությունը (141 պատգամավորից առնվազն 94-ի կողմ ձայնը)։ Երկրորդ քվեարկությունը նախատեսված է հունվարի 12-ին։