Աբու Դաբիում Ուկրաինայում պատերազմի ավարտի շուրջ եռակողմ բանակցությունների առաջին օրը ռուսական պատվիրակությունը պահանջել է ՆԱՏՕ-ի նկատմամբ մի շարք սահմանափակումներ կիրառել։ Մոսկվայի պահանջները ներառում են դաշինքի հետագա ընդլայնումից հրաժարումը, 1997 թվականից հետո ՆԱՏՕ-ին անդամակցած երկրներում ռազմական ներկայության կրճատումը, ինչպես նաև Ուկրաինայի և հետխորհրդային այլ պետությունների հետ ռազմական համագործակցության սահմանափակումը, հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինան»՝ հղում անելով բանակցությունների մասնակիցներին։ ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու գլխավորած պատվիրակությունն իր պահանջները հիմնավորել է Ռուսաստանի համար «անվտանգության երաշխիքների» անհրաժեշտությամբ։ Մոսկվայի պնդմամբ՝ խոսքը եվրոպական անվտանգության ճարտարապետության վերաբերյալ առաջարկների մասին է, որոնք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ 2022 թվականի ձմռանը փորձում էր առաջ մղել ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենի հետ երկխոսության ընթացքում։ Դեռ Աբու Դաբիի հանդիպումից առաջ The Telegraph-ը գրել էր, որ Պուտինը ԱՄԷ-ում բանակցությունները դիտարկում է որպես հնարավորություն՝ ՆԱՏՕ-ին ստիպելու հրաժարվել դեպի արևելք ընդլայնումից և դաշինքի առանցքային ենթակառուցվածքները վերադարձնել 1997 թվականի սահմաններին։ Մոսկվան դաշինքին նմանատիպ պայմաններ է ներկայացրել 2021 թվականի դեկտեմբերին՝ Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից առաջ։ ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն այն ժամանակ ՆԱՏՕ-ից պահանջում էր «հավաքել իրերն ու հեռանալ»՝ դաշինքին մեղադրելով Ռուսաստանին «հետ մղելու» և «նրան ենթակայի դերում դնելու» ձգտման մեջ։ The Telegraph-ի աղբյուրներն ընդգծել էին, որ Հյուսիսատլանտյան դաշինքի համար նման պայմաններն անընդունելի են։ «1997 թվականի սահմաններին» վերադարձը ենթադրում է առնվազն ՆԱՏՕ-ի զորքերի և սպառազինության դուրսբերում ներկայիս 32 անդամ պետություններից 16-ից։ Դրանց թվում են Վարշավյան պայմանագրի կազմակերպության նախկին անդամները, Բալթյան երկրները, նախկին Հարավսլավիայի վեց հանրապետություններից չորսը, ինչպես նաև Ալբանիան, Ֆինլանդիան և Շվեդիան։ Ավելի վաղ Աբու Դաբիի բանակցություններում Ռուստեմ Ումերովի գլխավորած ուկրաինական պատվիրակությունը չէր ընդունել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանների վերաձևման վերաբերյալ ԱՄՆ առաջարկը։ Պատվիրակությունը նաև դաշնակիցներից ֆինանսավորում էր խնդրել՝ պատերազմի ավարտից հետո տասը տարի շարունակ 800-հազարանոց բանակ պահելու համար։ Եվրամիության ներկայացուցիչները պատրաստակամություն էին հայտնել Ռուսաստանի հետ քննարկել Սառը պատերազմի ժամանակ կիրառված՝ ռազմական հակամարտությունների կանխարգելման մեխանիզմներին վերադարձը և ԱՄՆ-ի հետ միասին մայրցամաքի անվտանգության մեխանիզմները վերանայելը։ Ամերիկյան պատվիրակությունն իր հերթին Պուտինին առաջարկել էր համաձայնել ռազմական գործողությունների ավարտից հետո Ուկրաինային անվտանգության երաշխիքների տրամադրմանը՝ Հյուսիսատլանտյան պայմանագրի հոդվածների օրինակով։
Միջազգային լուրեր
Ռուսաստանը Աբու Դաբիի բանակցություններում պահանջել է ՆԱՏՕ-ն վերադարձնել 1997 թվականի սահմաններին

Սկզբնաղբյուր: KARTSIQ