Վարշավայի դատախազությունը Եվրախորհրդարանի պատգամավոր Գժեգոժ Բրաունի և ևս հինգ անձի դեմ մեղադրական եզրակացությունն ուղարկել է դատարան, հաղորդում է Polsat News-ը։ Բրաունին մեղադրանքներ են առաջադրվել չորս դրվագով, դրանց թվում՝ Ուկրաինայի և Եվրամիության դրոշները գողանալու, Լեհաստանի խորհրդարանում ԼԳԲՏ+ թեմայով ցուցահանդեսը ոչնչացնելու և «Նարգիզներ» ակցիայի կազմակերպիչներին զրպարտելու համար։ Վարշավայի շրջանային դատախազության տվյալներով՝ ենթադրյալ հանցագործությունները կատարվել են 2025 թվականի ապրիլին, մայիսին և հունիսին։ Մեղադրանքներից երկուսը առնչվում են դրոշների գողությանը։ Քննության վարկածով՝ Բրաունը Բյալա Պոդլյասկայի քաղաքապետարանի շենքից գողացել է Ուկրաինայի դրոշը, իսկ Կատովիցեում գտնվող Արդյունաբերության նախկին նախարարության շենքից՝ Եվրամիության դրոշը։ Գողացվածի արժեքը գնահատվում է համապատասխանաբար 20 և 388 զլոտի։ Բացի դրանից, Եվրախորհրդարանի պատգամավորին մեղադրում են Սեյմի շենքում ԼԳԲՏ+ համայնքին նվիրված ցուցահանդեսի տասը ցուցավահանակ ոչնչացնելու մեջ։ Վնասը գնահատվել է 3690 զլոտի։ Չորրորդ դրվագը վերաբերում է «Նարգիզներ» ակցիայի կազմակերպիչներին, դրանց թվում՝ Լեհ հրեաների պատմության POLIN թանգարանին զրպարտելու մեղադրանքներին։ Խոսքը 2025 թվականի ապրիլին նախագահական բանավեճերի ժամանակ Բրաունի արած հայտարարության մասին է, երբ նա դեղին նարգիզն «ամոթի և հպատակության խորհրդանիշ» էր անվանել։ Մյուս մեղադրյալների թվում է խորհրդարանի պատգամավոր Ռոման Ֆրիցը, որին մեղսագրվում է ԵՄ դրոշի գողությանը հանցակցությունը։ Եվս երեք անձ, քննության վարկածով, օգնել են գողանալ Ուկրաինայի դրոշը՝ սանդուղք տրամադրելով և տեղադրելով։ Դատախազությունը մեկնաբանել է նաև Բրաունի նկատմամբ մեկ այլ դատական վարույթ։ Դատարանը չեղարկել է հոկտեմբերի 30-ին և նոյեմբերի 6-ին նշանակված նիստերը՝ քաղաքական գործչի՝ բժշկական տեղեկանք ներկայացնելուց հետո։ Սակայն, քննության տվյալներով, հոկտեմբերի 30-ին նա մի քանի ժամ մասնակցել է Սահմանադրական տրիբունալի մոտ տեղի ունեցած ցույցին, ելույթ ունեցել, հարցազրույցներ տվել և շփվել հավաքվածների հետ։ Այդ կապակցությամբ նոյեմբերի 2-ին դատախազը դիմել է դատարան՝ խնդրելով ստուգել բժշկական տեղեկանքի իսկությունը, դրա տրամադրման հանգամանքները և ստուգում անցկացնել Լեհաստանի սոցիալական ապահովագրության վարչության միջոցով։
Միջազգային լուրեր
Լեհաստանում ԵԽ պատգամավորին մեղադրանք է առաջադրվել Ուկրաինայի և եվրոպական երկրների դրոշները գողանալու համար

Սկզբնաղբյուր: KARTSIQ