ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իռլանդիա կատարած այցի ընթացքում երկրի վարչապետ Միհոլ Մարտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ կցանկանար տեսնել Իռլանդիայի միավորումը, և ենթադրել է, որ վաղ թե ուշ դա տեղի է ունենալու։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։ Նրա խոսքով՝ կղզու միավորումը «վերջիվերջո տեղի է ունենալու», ուստի այն «կարող է տեղի ունենալ հենց հիմա»։ «Ես կցանկանայի այն միավորված տեսնել», — ասել է Թրամփը՝ ընդգծելով, որ ընկերներ ունի սահմանի երկու կողմերում էլ, և որ նրանք «հոյակապ մարդիկ» են։ ԱՄՆ նախագահը Իռլանդիայի հնարավոր միավորումն անվանել է «հիանալի բան» և հայտարարել, որ դա «մեծ ձեռքբերում կլիներ բոլորի համար»։ Միևնույն ժամանակ Թրամփն ընդունել է, որ Մեծ Բրիտանիան, թերևս, նույնպես իր կարծիքն է ունենալու այս հարցում։ Խոսելով միավորման հնարավոր քաղաքական նախաձեռնողների մասին՝ Թրամփն, ըստ երևույթին, ակնարկել է Իռլանդիայի վարչապետ Միհոլ Մարտինին՝ հայտարարելով. «Դուք այստեղ ունեք համապատասխան մարդուն՝ սա առաջ մղելու համար»։ «Կարծում եմ՝ դա հրաշալի կլիներ։ Նկատի ունեմ՝ ինչպե՞ս դա կարող է վատ լինել», — ասել է ԱՄՆ նախագահը։