Շրի Լանկայի Բարձր դատարանը մեղավոր է ճանաչել 15 անձի, որոնք մեղադրվում էին 2019 թվականի Սուրբ Զատկի կիրակի օրն ահաբեկչությունների նախապատրաստման մեջ, որոնց հետևանքով զոհվել էր 270, իսկ վիրավորվել՝ ավելի քան 500 մարդ: Եվս ինը մեղադրյալ արդարացվել է։ Դատապարտվածների թվում է Նաուֆեր Մոուլավին, ում դատախազությունը համարում էր ահաբեկչությունների այս շարքի կազմակերպիչը։ Պայթյուններն անմիջականորեն իրականացրած բոլոր մահապարտները զոհվել են հարձակումների ժամանակ։ Համակարգված պայթյունները որոտացել էին երեք քրիստոնեական եկեղեցիներում և երեք շքեղ հյուրանոցներում՝ 2019 թվականի ապրիլին։ Զոհվածների թվում կար 45 օտարերկրացի։ Սա Շրի Լանկայում ամենամահաբեր ահաբեկչությունների շարքն էր 2009 թվականին քաղաքացիական պատերազմի ավարտից ի վեր։ Ընդհանուր առմամբ այս գործով մեղադրանք է առաջադրվել 25 անձի, որոնք պատկանում են երկրի մահմեդական փոքրամասնությանը։ Մեղադրյալներից մեկը մահացել է կալանքի տակ։ Նրանց մեղսագրվել է ավելի քան 23 հազար հանցագործություն, այդ թվում՝ սպանություններ, ահաբեկչություններ իրականացնելու նպատակով դավադրություն և հրազենի ապօրինի պահպանում։ Դատավարության ընթացքում դատախազությունը ներկայացրել է ավելի քան 2300 վկայի ցուցմունք և 2076 իրեղեն ապացույց, որոնց թվում եղել են պայթուցիկ նյութեր, թրեր և հրազեն։ Նախաքննությունը նախկինում հարձակումները կապում էր իսլամիստ ծայրահեղականների հետ։ Ահաբեկչություններից հետո Շրի Լանկայի իշխանություններն ընդունեցին հետախուզության աշխատանքում լուրջ ձախողումների առկայությունը։ Երկրի խորհրդարանը պարզել է, որ հարձակումների սպառնալիքի մասին Հնդկաստանի փոխանցած նախազգուշացումը պատշաճ կերպով չի հասցվել համապատասխան մարմիններին։ 2023 թվականին Շրի Լանկայի Գերագույն դատարանը պարտավորեցրեց նախկին նախագահ Մայթրիպալա Սիրիսենային միլիոնավոր ռուփիների փոխհատուցում վճարել ահաբեկչությունների զոհերին։ Դատարանը նրան պատասխանատու ճանաչեց ազգային անվտանգության ապահովման գործում թույլ տրված ձախողումների համար, որոնք նախորդել էին հարձակումներին։ Անցյալ ամիս ևս երկու նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ դատապարտվել են մահապատժի՝ ահաբեկչությունների հանգեցրած հանցավոր անփութության համար։ Գործնականում Շրի Լանկայում մահապատժի դատավճիռները սովորաբար փոխարինվում են ցմահ ազատազրկմամբ. երկրում գործում է մահապատժի ի կատար ածման բազմամյա մորատորիում։ Մի քանի տարի շարունակ Շրի Լանկայի բնակիչները պարբերաբար բողոքի ակցիաներ էին անցկացնում՝ պահանջելով բացահայտել մեղավորներին և հասնել արդարության՝ Զատկի տոներին տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի համար։
Միջազգային լուրեր
Շրի Լանկայի դատարանը 15 մարդու մեղավոր է ճանաչել 2019 թվականի Զատկի ահաբեկչությունների նախապատրաստման մեջ

Սկզբնաղբյուր: KARTSIQ