Թեհրանի և Մոսկվայի համագործակցությունը կարևոր դեր կխաղա տարածաշրջանային կայունության ապահովման գործում։ Դրա մասին Թեհրանում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԻԻՀ արտգործնախարար Աբբաս Արաղչին։ «Իրանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը պատշաճ դեր կխաղա տարածաշրջանում կայունության հաստատման գործում։ Մենք վճռական ենք շարունակելու մեր հարաբերությունները»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Արաղչին, հաղորդում է Press TV-ն։ Նա նշել է, որ ռուսաստանցի գործընկերոջ հետ բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են Պարսից ծոցում և Օրմուզի նեղուցում անվտանգության իրավիճակը։ Արաղչին այն անվանել է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների անմիջական հետևանք, որոնք սկսվել են փետրվարի 28-ին և, նրա պնդմամբ, շարունակվում են տարբեր ձևերով։ «ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի (Իսրայելի) կողմից պարտադրված պատերազմը, ինչպես նաև տնտեսական շրջափակումը մեր տարածաշրջանում անկայունության գլխավոր աղբյուրներն են»,- հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության ղեկավարը։ Արաղչին նաև լուրջ մտահոգություն է հայտնել Կասպից ծովում ստեղծված իրավիճակի, մասնավորապես նավերի վրա հարձակումների կապակցությամբ։ Նա նախազգուշացրել է, որ նման միջադեպերը կարող են լուրջ հետևանքներ ունենալ տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար, ինչպես նաև անդառնալի վնաս հասցնել Կասպիցի փխրուն էկոհամակարգին։ Կողմերն առանձին ուշադրություն են դարձրել նաև Աֆղանստանի և Պակիստանի միջև հակամարտությանը։ Արաղչին նշել է, որ Թեհրանն ու Մոսկվան միասնական դիրքորոշում ունեն Քաբուլի և Իսլամաբադի միջև լարվածությունը նվազեցնելու անհրաժեշտության, ինչպես նաև ահաբեկչական սպառնալիքների դեմ պայքարում ջանքերը համակարգելու վերաբերյալ։ Բանակցություններն անդրադարձել են նաև Պաղեստինում, Լիբանանում և Եմենում ստեղծված իրավիճակին։ Արաղչին ընդգծել է, որ անհրաժեշտ է դադարեցնել պաղեստինցիների ցեղասպանությունը, ինչպես նաև, իր գնահատմամբ, տարածաշրջանում Իսրայելի վտանգավոր էքսպանսիոնիստական քաղաքականությունը։ Իրանի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Թեհրանն ու Մոսկվան հանդես են գալիս ԱՄՆ-ի միակողմանի գործողությունների դեմ և մտադիր են շարունակել փոխգործակցությունը միջազգային հարթակներում՝ գլոբալ խնդիրների լուծման բազմակողմ մոտեցումը առաջ մղելու համար։ Նա նաև հաստատել է երկու երկրների պատրաստակամությունը պահպանելու համագործակցությունը ԲՐԻԿՍ-ի և Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) շրջանակներում։ Արաղչին Լավրովի հետ բանակցությունները կարևոր, հագեցած և արդյունավետ է անվանել։ Նա նշել է, որ երկու երկրների ռազմավարական հարաբերությունները նոր փուլ են մտել 20 տարի ժամկետով համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի ստորագրումից և դրա իրագործման մեկնարկից հետո։ Փաստաթուղթը 2025 թվականի հունվարի 17-ին Մոսկվայում ստորագրել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Դրա իրականացումը պաշտոնապես սկսվել է նույն տարվա հոկտեմբերին։ Արաղչին հավելել է, որ Թեհրանի և Մոսկվայի միջև տնտեսական համագործակցությունը հաջողությամբ զարգանում է, և երկկողմ կապերի հետագա ընդլայնման համար լուրջ խոչընդոտներ չկան։ Նրա գնահատմամբ՝ բանակցությունները պետք է նպաստեն երկու երկրների միջև հարաբերությունների խորացմանը և երկարաժամկետ տարածաշրջանային կայունության ու անվտանգության ամրապնդմանը։
Միջազգային լուրեր
Թեհրանն ու Մոսկվան դեմ են Միացյալ Նահանգների միակողմանի գործողություններին. Արաղչի

Սկզբնաղբյուր: KARTSIQ