Լոս Անջելեսի ափերի մոտ տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով միջազգային օդանավակայանում պատուհաններ են վնասվել, առաստաղի սալիկներ ընկել, իսկ երկու նավթավերամշակման գործարաններում (ՆՎԳ) գործարկվել են անվտանգության համակարգերը, հայտնում է CNN-ը։
Առափնյա քաղաքների խանութներից մարդիկ խուճապահար փողոց էին դուրս վազում, իսկ օդանավակայանում ուղևորները պատսպարվում էին սեղանների տակ և լքում շենքը՝ վախենալով փլուզումից։ Տեղական իշխանությունների տվյալներով, լուրջ ավերածություններ և տուժածներ չկան։
Լոս Անջելեսի օդանավակայանում ստորգետնյա ցնցումներից հետո մի քանի պատուհան է կոտրվել, առաստաղից սալիկներ ու փոշի են թափվել։ Որոշ ուղևորներ դուրս էին վազում՝ թողնելով ուղեբեռն ու անձնական իրերը։ Չնայած վնասներին, թռիչքները շարունակվել են բնականոն ռեժիմով։ Թռիչքուղիների ստուգումների ընթացքում խնդիրներ չեն հայտնաբերվել, իսկ ենթակառուցվածքների զննությումը լուրջ վնասներ չի հայտնաբերել։
Էլ Սեգունդո քաղաքում հրշեջները հեռացնում էին վնասված լուսավորության սարքավորումները՝ The Point առևտրի կենտրոնի տանիքից ցուցանակի ընկնելուց հետո։ Մանհեթեն Բիչում ծխնելույզ է փլուզվել, իսկ քաղաքային նավամատույցը նախազգուշական նկատառումներով ժամանակավորապես փակվել է։
Երկրաշարժը նաև Torrance Refinery նավթավերամշակման գործարանում գազի արտահերթ ջահային այրման պատճառ է դարձել։ Էլ Սեգունդոյում գտնվող Chevron ընկերության ձեռնարկությունում ինքնաբերաբար գործարկվել են անվտանգության համակարգերը՝ ակտիվացնելով ջահային կայանքները։ Իշխանությունների և ընկերության տվյալներով, գործարանների տարածքներից դուրս որևէ ազդեցություն չի հայտնաբերվել։
Ստորգետնյա ցնցումները զգացվել են Սանտա Մոնիկայում, Ռեդոնդո Բիչում և Փասադենայում։ Սկզբնական երկրաշարժից հետո սեյսմոլոգներն արձանագրել են առնվազն 40 հետցնցում, այդ թվում՝ 4,5 և 4,0 մագնիտուդով։ ԱՄՆ երկրաբանական ծառայությունը 4,0 կամ ավելի բարձր մագնիտուդով հետցնցման հավանականությունը գնահատել է 30%։
Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասը հայտնել է, որ քաղաքային ծառայությունները կրկնակի ստուգել են կենսական նշանակության ենթակառուցվածքները և լուրջ վնասներ չեն հայտնաբերել։ Հրշեջ ծառայությունը նույնպես հայտնել է, որ շենքերի զգալի ավերածություններ և վիրավորներ չկան։ Իշխանությունները նախազգուշացրել են, որ հետցնցումները կարող են շարունակվել առաջիկա օրերին։
