Պերուի կենտրոնական հատվածում 6,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել է Գերմանիայի երկրագիտության հետազոտական կենտրոնը (GFZ)։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են երկրի մայրաքաղաք Լիմայում, որտեղ բնակիչները դուրս են եկել տներից, իսկ պատգամավորները տարհանվել են Կոնգրեսի շենքից, հաղորդում է Reuters-ը։ Նախնական տվյալներով՝ տուժածներ և լուրջ ավերածություններ չկան։ Պերուի երկրաֆիզիկայի ինստիտուտի տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Անդերում՝ Խունին տարածաշրջանում։ Օջախը գտնվել է 129 կմ խորության վրա։ Խունին նահանգի խորհրդի պատգամավոր Վիսենտե Կիսպեն RPP ռադիոկայանին հայտնել է, որ իշխանությունները դեռ ավերածությունների մասին հաղորդումներ չեն ստացել։ Նահանգը գտնվում է Լիմայից մոտ 320 կմ դեպի արևելք։ «Այս պահի դրությամբ ավերածությունների մասին հաղորդումներ չեն ստացվել։ Այս շրջանում առաջին անգամ է նման մագնիտուդով երկրաշարժ զգացվում», — հայտարարել է Կիսպեն։ Խունին տարածաշրջանը հանքարդյունաբերության կենտրոն է. այստեղ գործում են մի քանի խոշոր և միջին ձեռնարկություններ, այդ թվում՝ չինական Chinalco ընկերությանը պատկանող Տորոմոչո հանքավայրը՝ Պերուի պղնձի խոշորագույն հանքավայրերից մեկը։ Երկիրը պղնձի արդյունահանմամբ աշխարհում երրորդ տեղն է զբաղեցնում, իսկ հանքարդյունաբերությունը կարևոր դեր է խաղում նրա տնտեսության մեջ։ ԱՄՆ-ի ցունամիի նախազգուշացման համակարգը հայտնել է, որ երկրաշարժից հետո ցունամիի վտանգ չկա։ Պերուն գտնվում է Խաղաղօվկիանոսյան հրե օղակում՝ սեյսմիկ ակտիվ գոտում, որտեղ տեկտոնական սալերի տեղաշարժը պարբերաբար երկրաշարժեր է առաջացնում։