Սիբիրի և Հեռավոր Արևելքի Իրկուտսկի հակաժանտախտային գիտահետազոտական ինստիտուտը, որը գտնվում է Շելեխով քաղաքում, որտեղ մեկ ամիս առաջ վարակվել էր աշխատակցուհի Դարյա Շիպիլովան, ավելի քան մեկ տասնամյակ նախազգուշացումներ է ստացել վերահսկող մարմիններից, որոնք հայտնաբերել են անվտանգության կանոնների խախտումներ, արտակարգ իրավիճակներում գործողությունների ծրագրերի թերմշակում և ղեկավար կազմի անբավարար պատրաստվածություն։ Արտակարգ իրավիճակների նախարարության հունիսյան զեկույցում նշվել էր, որ կազմակերպությունը միջոցառումներ չի նախապատրաստել շենքերն ու սարքավորումները վարակազերծելու համար՝ լաբորատորիայի սահմաններից բակտերիաների չկանխամտածված դուրս գալու դեպքում, առցանց հաշվետվությունների վերլուծության արդյունքների հիման վրա հայտնել է The Wall Street Journal-ը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հինգ անգամ դիմել է Ռուսաստանին՝ խնդրելով լրացուցիչ տեղեկություններ տրամադրել կատարվածի մասին՝ Շիպիլովայի մահվան հետ կապված վտանգի աստիճանը որոշելու նպատակով, գրել է թերթը։ Սակայն ռուս պաշտոնյաները միայն կրկնել են իրենց հրապարակային հայտարարությունը՝ նա մահացել է անհայտ ծագման թոքաբորբից։