Այս ամռանը Եվրոպայում արձանագրված անսովոր բարձր ջերմաստիճանը կհանգեցնի կարտոֆիլի պակասորդի։ Այս մասին հայտնում է Financial Times (FT) պարբերականը՝ վկայակոչելով բրիտանական Energy and Climate Intelligence Unit (ECIU) վերլուծական կենտրոնի ներկայացրած տվյալները։ Կենտրոնի տվյալներով՝ արտակարգ շոգի պատճառով այս մշակաբույսի բերքը նվազել է 3,1 միլիոն տոննայով, ինչը դրամական արտահայտությամբ կազմում է 400-620 միլիոն եվրո։ Նշվում է նաև, որ 2025 թվականի ռեկորդային ցուցանիշներից հետո, 2026 թվականին չի աճեցվել ևս շուրջ 3,6 միլիոն տոննա կարտոֆիլ։ ECIU-ի գնահատականներով՝ կարտոֆիլ արտադրող եվրոպական հիմնական երկրներում՝ Գերմանիայում, Ֆրանսիայում, Բելգիայում և Նիդեռլանդներում, կարտոֆիլի արտադրությունը 2026 թվականին կնվազի՝ 2025 թվականի ռեկորդային 27,3 միլիոն տոննայից հասնելով 19,5–20,5 միլիոն տոննայի։ Մասնավորապես, Ֆրանսիայում արձանագրվել է վերջին 30 տարվա ամենացածր բերքը՝ չհաշված 2022 թվականը, երբ երկիրն ուժեղ երաշտ էր ապրում։ «Քանի որ կարտոֆիլն այն մշակաբույսերից է, որն առանձնապես շատ ջուր է պահանջում, անխուսափելի էր, որ բերքը լուրջ հարված կստանար։ Այժմ մենք դա տեսնում ենք ոլորտի բերքատվության գնահատականներից. որոշ դեպքերում ցուցանիշները նվազել են 20%-ով»,- պարբերականը մեջբերում է ECIU-ի վերլուծաբան Թոմ Լանքասթերի խոսքերը։ «Կլիմայական փոփոխությունների առաջնագծում հայտնված կարտոֆիլագործների համար իրավիճակն իսկապես ծայրահեղ անբարենպաստ է դասավորվում»,- հավելել է նա։
Միջազգային լուրեր
Ամառային անսովոր շոգի պատճառով Եվրոպային կարտոֆիլի պակասորդ է սպառնում․ FT

Սկզբնաղբյուր: KARTSIQ