Համբուրգի բարձրագույն երկրամասային դատարանը որոշել է շարունակել Ուկրաինայի քաղաքացի Սերգեյ Կուզնեցովի դատավարությունը, որին մեղադրում են «Հյուսիսային հոսք-1» և «Հյուսիսային հոսք- 2» գազատարներում պայթյունների կազմակերպման մեջ, հայտնում է dpa գործակալությունը։ Դատարանը մերժել է երկու շաբաթ առաջ սկսված դատաքննությունը կասեցնելու մասին պաշտպանության միջնորդությունը: Կուզնեցովի՝ նախկին ուկրաինացի սպայի փաստաբանները պնդում էին, որ նա կապված է տեղեկությունների չհրապարակման պարտավորությամբ և այդ պատճառով չի կարող խորհրդակցել իր պաշտպանների հետ կամ ցուցմունք տալ դատարանում։ Հակառակ դեպքում նրան Ուկրաինայում սպառնում են խիստ պատժամիջոցներ, հայտարարել է պաշտպանության կողմը։ Սակայն դատարանը չի ընդունել այդ փաստարկը։ «Ըստ գերմանական օրենսդրության՝ ամբաստանյալը սահմանափակված չէ իր պաշտպանության իրականացման մեջ»,- հայտարարել է նախագահող դատավորը։ Որոշման հրապարակումից հետո գործընթացը կշարունակվի առանց ընդմիջման։ Մոտ ժամանակում ցուցմունք պետք է տա Գերմանիայի դաշնային քրեական ոստիկանության վարչության փորձագետը, որը կպատմի գազատարների վնասվածքների բնույթի և պայթյունների պատճառների մասին։ Հիսունամյա Կուզնեցովին մեղադրում են նրանով, որ նա ղեկավարել է 2022 թվականի սեպտեմբերին Բալթիկ ծովում գազատարների դեմ իրականացված դիվերսիան։ Մեղադրանքի վարկածով՝ նա պայթեցումը կազմակերպել է ևս վեց անձանց հետ միասին։ Մեղադրանքները ներառում են ռազմական հանցագործություններ՝ կապված քաղաքացիական օբյեկտների դեմ պատերազմի վարման արգելված մեթոդների կիրառման հետ, պայթյունի կազմակերպում, շինությունների ավերում և հանրային մատակարարման օբյեկտների աշխատանքի խափանում։ 2022 թվականի սեպտեմբերի 26-ին մի քանի պայթուցիկ սարքեր են գործարկվել Բալթիկ ծովի հատակին՝ դանիական Բորնհոլմ կղզուց ոչ հեռու, մոտ 80 մետր խորության վրա։ Արդյունքում լրջորեն վնասվել են «Հյուսիսային հոսք- 1» և «Հյուսիսային հոսք- 2» գազատարները։ Ընդհանուր առմամբ խողովակաշարերի չորս ճյուղերից երեքի վրա տեղի է ունեցել չորս արտահոսք։ Մինչ դիվերսիան «Հյուսիսային հոսք- 1»-ը օգտագործվում էր ռուսական բնական գազը Գերմանիա մատակարարելու համար, մինչդեռ «Հյուսիսային հոսք- 2»-ը այդպես էլ շահագործման չէր հանձնվել։ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո Մոսկվան, Եվրոպայի հետ հարաբերությունների սրման ֆոնին, բազմիցս կրճատել կամ դադարեցրել էր առաջին գազատարով գազի մատակարարումները։