Ամերիկյան Six Flags Magic Mountain զվարճանքների զբոսայգին հայտարարել է X2 լեգենդար «ամերիկյան բլրակներ» ատրակցիոնի փակման մասին՝ դրանից օգտվելու հետևանքով ստացված ենթադրյալ գանգուղեղային վնասվածքների հետ կապված դատական հայցերի պատճառով։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Associated Press (AP) գործակալությունը։ «Թեև X2 ատրակցիոնը մշտապես անցել է անվտանգության բազմաթիվ փորձարկումներ, մենք որոշել ենք փակել այն, քանի որ դա համարում ենք ճիշտ որոշում։ Ատրակցիոնների անվտանգությունը մեր բիզնեսի անկյունաքարն է, և երբ տեսնում ենք, որ այցելուների վստահությունը խաթարվել է, մենք դրան շատ լուրջ ենք վերաբերվում»,— գործակալությունը մեջբերում է զբոսայգու նախագահ Բրայան Օէրդինգի խոսքերը։ Գործակալության տեղեկություններով՝ երկու տարվա ընթացքում ավելի քան 100 մարդ է հայտնել ատրակցիոնից օգտվելու հետևանքով գանգուղեղային վնասվածքներ ստանալու մասին։ Օգոստոսին զբոսայգին կարգավորել էր ուղեղի արյունազեղումից մահացած 22-ամյա երիտասարդի ընտանիքի ներկայացրած հայցը՝ անզգուշությամբ մահ պատճառելու համար վնասի փոխհատուցման վերաբերյալ։ Six Flags-ի տվյալներով՝ X2-ը շուրջ 60 մետր բարձրությամբ և պտտվող նստատեղերով «ամերիկյան բլրակներ» է, որտեղ գնացքի արագությունը հասնում է 122 կմ/ժ-ի։ Ատրակցիոնը փակ է հուլիսի 12-ից։
Միջազգային լուրեր
ԱՄՆ-ում ուղեղի վնասվածքների վերաբերյալ հայցերի պատճառով փակել են լեգենդար ամերիկյան սահուղին

Սկզբնաղբյուր: KARTSIQ