Վրաստանում մեկնարկել են ՆԱՏՕ-ի ռազմական ոստիկանության բազմազգ գումարտակի SHARP LYNX 2026 համակարգչային-շտաբային զորավարժությունները։ Բացման արարողությունը տեղի է ունեցել ՆԱՏՕ-Վրաստան համատեղ վերապատրաստման և գնահատման կենտրոնում (JTEC)․ հայտնում է «Грузия Online»-ը։ Զորավարժություններն անցկացվում են «ՆԱՏՕ-Վրաստան էական փաթեթի» (SNGP) շրջանակում և նպատակ ունեն կատարելագործել շտաբային ընթացակարգերը, ինչպես նաև ստորաբաժանումների կոորդինացումն ու բազմազգ միջավայրի կառավարումը։ SHARP LYNX 2026-ին մասնակցում են Վրաստանի, Լեհաստանի, Չեխիայի, Սլովակիայի, Խորվաթիայի և Հունգարիայի ռազմական ոստիկանության ներկայացուցիչները։ Զորավարժությունների արդյունքներով գնահատվելու է Վրաստանի պաշտպանական ուժերի ռազմական ոստիկանության պատրաստվածությունը։ SHARP LYNX 2026-ը եզրափակիչ միջոցառումն է այն ճանապարհային քարտեզի, որը մշակվել է Վրաստանը ՆԱՏՕ-ի ռազմական ոստիկանության բազմազգ գումարտակին անդամակցությանը նախապատրաստելու համար։ Բացման արարողությանը ելույթ են ունեցել Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Իրակլի Չիչինաձեն, Ռազմական ոստիկանության դեպարտամենտի պետ, գեներալ-մայոր Շալվա Շենգելիան և JTEC-ի հրամանատար, գնդապետ Դավիթ Գագուան՝ հաջողություն մաղթելով մասնակիցներին։