Սեպտեմբերի 17-ի լույս գիշերը ռուսական զինուժը հրթիռային և անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Կիևին և Օդեսային։ Ուկրաինայի մայրաքաղաքի վրա հարձակման հետևանքով տուժել է 18 մարդ, այդ թվում՝ 10 և 12 տարեկան երկու երեխա, հայտնել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ Ուկրաինայի ազգային ոստիկանությունից մանրամասնել են, որ տուժածների մեծ մասը Դնեպրովսկի շրջանի 16-հարկանի շենքի բնակիչներ են. շենքը վնասվել է հրետակոծության ժամանակ։ Բացի այդ, Դնեպրովսկի, Դարնիցկի, Սոլոմենսկի և Պոդոլսկի շրջաններում վնասվել են պահեստներ, վարչական, գրասենյակային ու ոչ բնակելի տարածքներ, ինչպես նաև մանկապարտեզ։ Հարձակման թիրախներից է եղել Կիևի ջրմուղկոյուղու գրասենյակը։ Հրթիռակոծությունից հետո Կիևի ձախ ափում ջրամատակարարումը մասնակիորեն դադարեցվել է։ Օդեսայում հարվածի է ենթարկվել 19-հարկանի բնակելի շենք, տուժել է վեց մարդ, այդ թվում՝ երկու երեխա, հայտնել է քաղաքի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը։ Նրա խոսքով՝ մեկ այլ շրջանում ավերվել է մասնավոր տուն, ևս մեկը՝ վնասվել։ Հարվածների տակ է հայտնվել նաև քաղաքային ենթակառուցվածքը։ Բացի այդ, ըստ «Ուկրզալիզնիցյա»-ի (Ուկրաինական երկաթուղի) տվյալների՝ ռուսական անօդաչուները հարվածել են Խարկովի մարզի Բերեստին քաղաքի կայարանի շենքին և Կիևի «Նիկոլսկայա Սլոբոդկա» օղակաձև էլեկտրագնացքի կայարանին։ Kyiv City Express-ը ժամանակավորապես երթևեկում է կրճատված երթուղով՝ շրջանցելով Դարնիցա - Պոչայնա հատվածը։ Երկաթուղային ընկերությունում ակնկալում են կանոնավոր երթևեկությունը վերականգնել օրվա ընթացքում։ Ուկրաինայի ԶՈՒ ռազմաօդային ուժերի տվյալներով՝ անցած գիշեր ռուսական բանակն Ուկրաինայի վրա գրոհել է 157 հարվածային անօդաչու թռչող սարքերով, ինչպես նաև հականավային, բալիստիկ ու թևավոր հրթիռներով։ ՀՕՊ ուժերին հաջողվել է խոցել 131 թիրախ։ Ընդ որում, 36 կետում արձանագրվել են հակառակորդի հրթիռների և հարվածային դրոնների ուղիղ հարվածներ, իսկ հինգ վայրում գրանցվել է խոցված թիրախների բեկորների անկում։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ գիշերային հարձակման հետևանքով «խոցվել են» Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի, մետալուրգիական և ռադիոէլեկտրոնային արդյունաբերության ձեռնարկություններ, Կիևում, Զապորոժիեում և Օդեսայի մարզում գտնվող էներգետիկ ու տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտներ, ինչպես նաև «Ուկրաինայի ԶՈՒ շահերը սպասարկող» ծովային նավեր։
Միջազգային լուրեր
Կիևում և Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով բնակելի շենքեր են վնասվել․ 24 մարդ է տուժել

Սկզբնաղբյուր: KARTSIQ