Չինաստանը դեմ է Մերձավոր Արևելքում քաղաքացիական օդանավակայաններին և քաղաքացիական այլ օբյեկտներին հարվածներ հասցնելուն։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ծյակունը։ «Չինաստանը խոր մտահոգություն է հայտնում տարածաշրջանում պահպանվող լարվածության առնչությամբ և դեմ է քաղաքացիական օդանավակայանների ու այլ օբյեկտների վրա հարձակումներին։ Համապատասխան կողմերին կոչ ենք անում տարաձայնությունները հարթել երկխոսության և բանակցությունների միջոցով, ինչպես նաև նպաստել Մերձավոր Արևելքում խաղաղության ու կայունության օր առաջ վերականգնմանը»,- ասել է դիվանագետը։ Հոկտեմբերի 25-ին եմենյան «Անսար Ալլահ» շարժման ռազմական խոսնակ Յահյա Սարիան հայտարարել էր բալիստիկ հրթիռներով Էր Ռիադի օդանավակայանին, ինչպես նաև Խամիս Մուշայթի և Ջիզանի ռազմակայաններին հարվածներ հասցնելու մասին։ Նա միջազգային ավիաընկերություններին ու ուղևորներին հորդորել էր հրաժարվել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի օդանավակայանով թռիչքներից՝ այն համարելով ոչ անվտանգ։