Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը հայտնվել է «ռազմավարական փակուղում», և այն դիվանագիտական ճանապարհով ավարտելու հնարավորություններ առայժմ չեն նշմարվում։ Այս մասին Աթենք կատարած այցի ժամանակ «Kathimerini» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակից կարելի է դուրս գալ կա՛մ բանակցությունների, կա՛մ կողմերից մեկի ու անգամ երկուսի կողմից էսկալացիայի միջոցով։ «Այս պահին դիվանագիտական կարգավորման հեռանկարներ չեն նշմարվում», քանի որ Ռուսաստանը որպես նախապայման առաջ է քաշում Դոնբասի նկատմամբ լիակատար վերահսկողությունը, իսկ Ուկրաինան դա անընդունելի է համարում, նշել է Ռուբիոն։ Նա հայտնել է, որ ԱՄՆ-ն կիսում է «հակամարտության սրման վտանգի վերաբերյալ ողջ աշխարհի մտահոգությունը», ինչն ի վերջո «կարող է առնչվել նաև այլ երկրների ու վերաճել ավելի լայնամասշտաբ առճակատման»։ Ըստ Ռուբիոյի՝ «կան հստակ նշաններ», որ Պուտինը «մտադիր է օգտագործել գալիք ձմեռն Ուկրաինայի էներգահամակարգն ամբողջությամբ ոչնչացնելու և նրան կապիտուլյացիա պարտադրելու համար»։ Դրան զուգահեռ, Ուկրաինայի զինված ուժերն ընդլայնել են Ռուսաստանի տարածքին հեռահար հարվածներ հասցնելու իրենց հնարավորությունները, ընդգծել է Պետդեպարտամենտի ղեկավարը։ Բացի այդ, շարունակվում են Սև ծովում նավերի վրա հարձակումները։ Նա շեշտել է, որ Միացյալ Նահանգները նախկինի պես պատրաստ է կառուցողական դեր խաղալ բանակցային գործընթացում՝ նպաստելու խաղաղության համաձայնագրի կնքմանը։ «Մենք նախկինում արդեն փորձել ենք դա անել, սակայն առայժմ այդ նպատակն անհասանելի է մնում... Այս պատերազմը շարունակվում է արդեն հինգերորդ տարին, թեև ի սկզբանե իրադարձությունների նման զարգացում ոչ ոք չէր ծրագրել։ Չեմ կարծում, թե Պուտինն այս հակամարտությունը հենց այսպես էր պատկերացնում, ուստի իրադարձությունները նրա գծած սցենարով չընթացան», — եզրափակել է Ռուբիոն։ Սեպտեմբերի 23-ին Կրեմլում հայտարարել էին, որ Կիևի հետ «բանակցությունների խաղաղ ուղի դուրս գալու» նախադրյալներ չեն տեսնում։ «Ուկրաինայի ռազմականացումը շարունակվում է։ Եվրոպական պետությունները փորձում են նորանոր միջոցներ գտնել սպառազինություն գնելու համար։ Կիևի ռեժիմը շարունակում է իր բավականին ահաբեկչական գործունեությունը», — նշել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Օգոստոսի վերջին և սեպտեմբերի սկզբին հարցի կարգավորման նպատակով Մոսկվա էին այցելել ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթքլիֆը, ինչպես նաև Թրամփի ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները։ Սակայն, ըստ Bloomberg-ի աղբյուրների, Պուտինը դիրքորոշումը մեղմելու որևէ պատրաստակամություն ցույց չի տվել։ Գործակալության զրուցակիցների խոսքով՝ առաջիկա վեց ամիսներին Ռուսաստանը ծրագրում է հարվածներ հասցնել Ուկրաինայի էներգահամակարգին ու ջերմամատակարարման ենթակառուցվածքներին՝ խաղաղ բնակիչների կյանքն անտանելի դարձնելու, ինչպես նաև Եվրոպայում հիբրիդային հարձակումներն ուժեղացնելու և Կիևին տրամադրվող աջակցությունը խաթարելու նպատակով։ Ըստ The New York Times-ի տվյալների՝ Պուտինը հավաստիացնում էր, որ իր բանակը «առաջիկա ամիսներին» կգրավի ողջ Դոնբասը, որն առայժմ վերահսկվում է մոտ 80 տոկոսով։ Դրան ի պատասխան՝ Քուշները հիշեցրել է, որ ՌԴ նախագահը նույն խոստումները տալիս էր նաև մեկ տարի առաջ, և չի բացառել, որ ևս մեկ տարի անց նա կրկին նույն բանն է ասելու, հայտնել է պարբերականի աղբյուրը։