Inigo Insurance-ի նախագահ, Մեծ Բրիտանիայի ֆինանսական ոլորտի առաջատար գործիչներից սըր Հովարդ Դեյվիսը հիմնական ելույթով հանդես կգա հոկտեմբերի 5–6-ը Երևանում կայանալիք «Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ին։ Համաժողովի շրջանակում սըր Հովարդ Դեյվիսը կանդրադառնա Հայաստան–Միացյալ Թագավորություն ֆինանսական և ներդրումային համագործակցությանը՝ կիսելով իր մասնագիտական փորձը ֆինանսական կապերի ընդլայնման, ներդրումային միջավայրի ամրապնդման և երկու երկրների միջև համագործակցության հետագա զարգացման հնարավորությունների վերաբերյալ։ Առաջին անգամ անցկացվող համաժողովը մեկ հարթակում կհամախմբի ավելի քան 800 մասնակցի, այդ թվում՝ Միացյալ Թագավորությունից ժամանող ավելի քան 100 պատվիրակի և 25-ից ավելի խոսնակի։ Համաժողովը կծառայի որպես բարձրաստիճան ղեկավարների հանդիպման հարթակ՝ բարձր մակարդակի քննարկումները համադրելով բիզնես-հանդիպումների հետ, որոնք կնպաստեն նոր գործընկերությունների և ներդրումային հնարավորությունների ձևավորմանը։ Սըր Հովարդ Դեյվիսը ֆինանսական համակարգում տասնամյակների փորձ ունի։ Որպես Մեծ Բրիտանիայի Ֆինանսական ծառայությունների մարմնի (Financial Services Authority) նախագահ՝ նա ղեկավարել է 9 առանձին կարգավորող մարմինների միավորման և երկրի միասնական ֆինանսական կարգավորիչի ձևավորման գործընթացը։ 2003–2011 թվականներին նա նաև ղեկավարել է Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցը (London School of Economics and Political Science)։ 2015–2024 թվականներին սըր Հովարդ Դեյվիսը եղել է NatWest Group-ի նախագահը։ 2000 թվականին ֆինանսական կարգավորման ոլորտում ունեցած ծառայությունների համար նրան շնորհվել է ասպետի կոչում։ Կենտրոնական բանկային համակարգում, ֆինանսական կարգավորման, խոշոր ֆինանսական կառույցների և ակադեմիական ոլորտում տարիների փորձ ունեցող սըր Հովարդ Դեյվիսն իր տեսակետը կներկայացնի որպես Մեծ Բրիտանիայի ժամանակակից ֆինանսական համակարգի ձևավորմանն անմիջական մասնակցություն ունեցած փորձառու ղեկավար և կանդրադառնա հայ-բրիտանական ֆինանսական և ներդրումային համագործակցության հետագա զարգացման հնարավորություններին։ «Կառուցելով կամուրջներ՝ կապիտալի, տաղանդի և նորարարության համար» խորագրի ներքո անցկացվող «Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը կմիավորի Հայաստանի և Միացյալ Թագավորության պետական կառույցների, ներդրումային և գործարար համայնքի, նորարարական և ակադեմիական ոլորտների ներկայացուցիչներին։ Համաժողովի հիմնական բիզնես ծրագիրը տեղի կունենա հոկտեմբերի 6-ին՝ «Դվին Մյուզիք Հոլ»-ում։
Միջազգային լուրեր
Inigo Insurance-ի նախագահ սըր Հովարդ Դեյվիսն իր ելույթով հանդես կգա «Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ին

Սկզբնաղբյուր: KARTSIQ