Դանիայի ռազմական հետախուզության և անվտանգության ծառայությունը (DDIS) հայտարարել է, որ Ռուսաստանն առաջիկա ամիսներին կարող է սահմանափակ ռազմական գործողություն իրականացնել ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեկի դեմ։ Ծառայության գնահատմամբ՝ նման սցենարի ռիսկը մնում է «ցածր, բայց աճող»։ DDIS-ի ղեկավար Թոմաս Արենկիելի խոսքով՝ հավանականություն կա, որ Ռուսաստանը փոքրաթիվ զորք կտեղափոխի ՆԱՏՕ-ի անդամ հարևան երկրի տարածք (այդ թվում՝ առանց տարբերանշանների, «օրինակ՝ տեղի ռուս փոքրամասնությանը պաշտպանելու պատրվակով»)։ Որպես մեկ այլ տարբերակ՝ նա նշել է հեռահար զենքի կիրառումն այն ենթակառուցվածքների դեմ, որոնք օգտագործվում են Ուկրաինային աջակցելու համար։ Արենկիելն ընդգծել է, որ այս կերպ Ռուսաստանը կփորձի «պառակտել Դաշինքը»։ Միևնույն ժամանակ, դանիական հետախուզությունը Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումը ՆԱՏՕ-ի որևէ երկիր համարում է «խիստ անհավանական»։ Ըստ DDIS-ի հաշվարկների՝ դրա համար Կրեմլից մոտ վեց ամիս կպահանջվի զորքեր կուտակելու համար։ Զուգահեռաբար Դանիան նախազգուշացրել է եվրոպական երկրների դեմ ռուսական հիբրիդային գործողությունների ակտիվացման մասին։ Ըստ հետախուզական տվյալների՝ դրանք կարող են լինել «հանրային նշանակության համակարգեր շարքից հանելու ունակ կործանարար կիբերհարձակումներ» և մարդկային մեծ զոհերի վտանգ պարունակող դիվերսիաներ։ Թագավորության պաշտպանության նախարար Յեպե Բրուսը հայտարարել է, որ Ռուսաստանն այժմ շատ ավելի մեծ ճնշման տակ է, քան երբևէ՝ 2022 թվականի փետրվարին պատերազմի սկզբից ի վեր, սակայն նա «չի հասնում իր նպատակներին» և այդ պատճառով հարձակվում է Ուկրաինային աջակցողների վրա։ Ընդ որում, Դանիայի իշխանությունները կարծում են, որ առաջիկա վեց ամիսներին Կրեմլը չի կարողանա ռազմաճակատում էական ճեղքում ապահովել։ Ավելի վաղ արևմտյան հատուկ ծառայությունները բազմիցս հրապարակավ հայտարարել էին, որ Ռուսաստանը կարող է երեքից հինգ տարվա ընթացքում թիրախավորել ՆԱՏՕ-ի երկրները։ Սակայն դաշնակիցների անհանգստությունը մեծացավ եվրոպական ենթակառուցվածքների վրա մի շարք հարձակումներից հետո, որոնք չէին հատում Դաշինքի կանոնադրության՝ հավաքական պաշտպանության մասին 5-րդ հոդվածի կիրառման համար անհրաժեշտ շեմը։ Դանիական հետախուզության գնահատմամբ՝ տարածաշրջանային պատերազմի իրական սպառնալիք ստեղծելու համար Կրեմլին դեռևս անհրաժեշտ է երկու տարի, իսկ Եվրոպայում լայնամասշտաբ պատերազմ սկսելու համար՝ հինգ տարի։ Ավելի վաղ Չեխիայի, Շվեդիայի, Լատվիայի և Լեհաստանի հետախուզական գերատեսչությունները նախազգուշացրել էին, որ Ռուսաստանը շուտով կփորձի ստուգել պատասխան գործողությունների նկատմամբ ՆԱՏՕ-ի պատրաստվածությունը։ Չեխիայի Անվտանգության և տեղեկատվության ծառայության ղեկավար Միխալ Կոուդելկան նշել էր, որ խոսքը կարող է վերաբերել «սահմանափակ ներխուժմանը, ուրիշի դրոշի ներքո իրականացվող սադրանքներին կամ ազդեցության լայնածավալ արշավին», ընդ որում՝ դա տեղի կունենա արդեն «առաջիկա ամիսներին»։
Միջազգային լուրեր
Դանիան նախազգուշացրել է «առաջիկա ամիսներին» ՆԱՏՕ-ի վրա Ռուսաստանի հնարավոր հարձակման մասին

Սկզբնաղբյուր: KARTSIQ